Logo

Դարի գործարքը. ի՞նչ է նշանակում Հոլանդի նոր պայմանագիրը ֆուտբոլի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:05 / 24.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հունվարի 17-ի կեսօրն էր, աշխատանքային ժամ, բոլորը զբաղված էին իրենց գործով և չէին մտածում ֆուտբոլի մասին, երբ հանկարծ Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնը «շրխկացրեց» այն ինսայդը, ըստ որի՝ Էռլինգ Հոլանդը և «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր են կնքել, որի ժամկետը 9.5 (!!!) տարի է: Այն, որ մանչեսթերցիները ցանկանում են իրենց թիմում պահել աշխարհի «ամենագիշատիչ» հարձակվողին, նորմալ է, բայց 9.5 տարվա պայմանագի՞ր: Սա ավելին է, քան պարզապես համագործակցության շարունակություն: 

Ժամեր անց այս լուրը պաշտոնապես հաստատվեց, ավելի ուշ պարզվեցին պայմանագրի դետալները: Հոլանդը տարեկան ստանալու է ավելի քան 30 միլիոն եվրո, դե մարդիկ էլ, բնականաբար, այս գումարը վերածեցին ժամերի, օրերի, շաբաթների: Հոլանդը ժամում վաստակելու է 3500 եվրո, շաբաթը՝ գրեթե 600 հազար, իսկ 10 տարվա ընթացքում նրա ընդհանուր աշխատավարձը՝ 308 միլիոն եվրո:

Erling Haaland signs record new Manchester City contract to 2034 - The  Zimbabwe Independent

FastNews-ը փորձել է պարզել՝ ինչ է այս գործարքը նշանակում ինչպես «Մանչեսթեր Սիթիի», այնպես էլ ֆուտբոլի համար:

ԱԿՈՒՄԲԸ ՎՍՏԱՀ Է՝ ԾԱՆՐ ՊԱՏԻԺ ՉԻ ԿՐԵԼՈՒ

Հոլանդի նոր պայմանագրի մասին իմանալով՝ «Սիթիի» մրցակից թիմերի երկրպագուները միանգամից սկսեցին կատակել, թե նորվեգացին իր կարիերայի մեծ մասն անցկացնելու է Չեմպիոնշիփում, քանի որ «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է Պրեմիեր լիգայի կանոնակարգի խախտման 115 հոդվածներով, որոնցից 80-ը կապված է ֆինանսական կանոնակարգի խախտման հետ, և ակումբը դեռ սպասում է դատավճռին: Իրականում այս գործարքն ամբողջովին հակառակի վկայությունն է:

Հոլանդի այս երկարաժամկետ պայմանագրի կնքումը միայն ու միայն հաստատում է, որ «Սիթին» վստահ է՝ ծանր պատիժ չի կրելու: 24-ամյա հարձակվողը, որքան էլ նվիրված լինի ակումբին, պատրաստ չէ նույնիսկ մեկ մրցաշրջան անցկացնել ցածր դիվիզիոնում: Դա բացառված սցենար է: Վստահաբար, Հոլանդի գործակալն ու մյուս ներկայացուցիչները երաշխիք են պահանջել, որ ակումբը չի նահանջի Չեմպիոնշիփ, ինչից հետո էլ կնքվել է այս «հավերժական» պայմանագիրը: Չմոռանանք նաև, որ Գվարդիոլան ամիսներ առաջ նույնպես երկարաձգեց պայմանագրի ժամկետը: Այսպիսով՝ «Սիթին» կա՛մ կհաղթի դատը, կա՛մ առավելագույն պատիժը կլինի ֆինանսական, ինչը դժվար թե շատ մտահոգի «Քաղաքաբնակների» ղեկավարներին:

ՊԵՊԻՑ ՀԵՏՈ ԿՅԱՆՔ ԼԻՆԵԼՈՒ Է

Հոլանդի և Գվարդիոլայի հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, նորվեգացին բազմաթիվ առիթներով հիացմունքի խոսքեր է արտահայտել իսպանացի մարզչի վերաբերյալ: Վստահաբար, Պեպի՝ ակումբում մնալը դրականորեն է ազդել Հոլանդի որոշման վրա, բայց Գվարդիոլան դժվար թե մնա այնքան, որքան Հոլանդը: 

Erling Haaland: Pep Guardiola says Man City striker ready to start against  Brentford and shrugs off Real Madrid links | Football News | Sky Sports

«Մանչեսթեր Սիթիի» պատմությունը փոխել են 2 իրողություններ. առաջինը՝ շեյխերի ժամանումն էր ու վարչակազմի փոփոխությունը, իսկ երկրորդ բեկումնային իրադարձությունը՝ Պեպ Գվարդիոլայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնի ստանձնումը: Պեպի գալուց հետո ներդրված բոլոր գումարներն իմաստավորվեցին, «Սիթին» կարգավիճակ ստացավ ոչ միայն թղթի վրա, այլև խաղադաշտում՝ վերջապես ունենալով հստակ խաղային համակարգ ու ձեռագիր, իսկ հետո՝ արդյունքներ: 2016-ից մինչև հիմա թիմի կազմը շատ է փոխվել, բայց «Սիթին» այդ ընթացքում եղել է դոմինանտ. 6 անգամ դարձել երկրի չեմպիոն, մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան: Բազմաթիվ երկրպագուների ու փորձագետների շրջանում կա կանխատեսում, որ Գվարդիոլայի հեռանալուց հետո ակումբը «փլուզվելու» է ու նույն հզորությունը չի ունենալու ներքին և միջազգային ասպարեզում:

Հոլանդի արդեն նախկին պայմանագրում գործում էին բազմաթիվ հրաժարագներ. Մինո Ռայոլան ժամանակին ակումբից ստացել էր այնպիսի պայմանագիր, որի շնորհիվ իր հաճախորդը չէր բանտարկվելու «Էթիհադում»: Նոր պայմանագրով հրաժարագները կգործեն 2029 թվականից ու շատ, նույնիսկ անհասանելի թվացող բարձր են: «Սիթին» հունվարին արդեն խոշոր գործարքներ է կատարել՝ գնելով Աբդուկոդիր Խուսանովի, Օմար Մարմուշի ու Վիտոր Ռեյսի տրանսֆերային իրավունքները: Եվ Հոլանդի այս պայմանագիրը ևս վկայում է, որ նույնիսկ Գվարդիոլայի հեռանալուց հետո «Սիթիի» հավակնությունները չեն նվազելու, որ այս նախագիծը երկարաժամկետ է նույնիսկ առանց Պեպի: 

10 ՏԱՐԻ... ՈՒ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Էռլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» 2.5 մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ ռեկորդներ է սահմանել: Նա ամենաարագն է հատել ԱՊԼ-ում 50 գոլի շեմը, հասցրել է դառնալ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը (36 գոլ) և գերազանցել է Ալան Շիրերի ու Էնդի Քոուլի՝ 34 գոլի ռեկորդը: Բայց ի տարբերություն վերջին երկուսի՝ նորվեգացի «վիկինգն» այդ ցուցանիշը գրանցել է 38-խաղյա ձևաչափում, ոչ թե 42: 

Հոլանդը Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն միջին ցուցանիշն ունի խաղաժամանակ/գոլ հարաբերակցության մեջ այն ֆուտբոլիստների շրջանում, որոնք խաղադաշտում անցկացրել են նվազագույնը 5000 րոպե: ԱՊԼ-ում նա 88 խաղում 80 գոլ է խփել և այս դինամիկայով բազմաթիվ նոր ռեկորդներ կարող է գերազանցել: 

Սկսենք ամենահեշտից. նա հրաշալի շանսեր ունի ԱՊԼ-ում ամենաարագը 100 գոլի շեմն անցնելու: Ռեկորդը պատկանում է Ալան Շիրերին, որից 144 խաղ է պահանջվել՝ 100 գոլ խփելու համար: Հոլանդին 20 գոլ է մնում այդ ցուցանիշի համար:

When could Haaland break Shearer's goalscoring record?

ԱՊԼ-ում հեթ-տրիկների ռեկորդը պատկանում է «Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին: Այս ռեկորդը գերազանցելը նույնպես ժամանակի հարց է Հոլանդի համար: Ագուերոն 12 հեթ-տրիկ է գրանցել 10 մրցաշրջանում, մինչդեռ Հոլանդն արդեն 8 հեթ-տրիկ է գրանցել ընդամենը 2.5 մրցաշրջանում: 

Եվ վերջապես Ալան Շիրերի պատմական ռեկորդն է լուրջ վտանգի տակ: Լեգենդար հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկուն է 260 գոլով: Այս դինամիկայով Հոլանդն առաջնությունում իր 280-րդ խաղում արդեն կշրջանցի Շիրերին՝ նվաճում, որին չեն հասել Անրին, Դրոգբան, Տորեսը, Ռունին, Ագուերոն, Քեյնը... Ավելին՝ Հոլանդը կարող է նաև գերազանցել Ջիմի Գրիվզի ռեկորդը: Մինչև Պրեմիեր լիգայի հիմնադրումը, «Չելսիի» ու «Տոտենհեմի» նախկին հարձակվողը 357 գոլ էր խփել ու դարձել Անգլիայի առաջնության պատմության գլխավոր ռմբարկուն: Եվս մեկ մարտահրավեր Հոլանդի համար:

ՄԲԱՊԵ - ՀՈԼԱՆԴ ԶՈՒՅԳ ՉԵՆՔ ՏԵՍՆԻ... ՀԱՎԱՆԱԲԱՐ

2022-ին, երբ Հոլանդը պատրաստվում էր հեռանալ «Բորուսիայից», տրանսֆերային մրցավազքում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցը «Ռեալն» էր: Ֆլորենտինո Պերեսը երազում էր իր ակումբում մի օր տեսնել Մբապե - Հոլանդ հարձակման զույգին: Այդ ժամանակ Հոլանդն ընտրեց «Սիթին»՝ առաջին հերթին Կարիմ Բենզեմայի անհավանական մարզավիճակով պայմանավորված, նրա որոշման վրա հավանաբար ազդեց նաև Կիլիան Մբապեի մոտալուտ ժամանումը, ինչը կասկածի տակ կդներ նրա կարգավիճակը թիմում, մինչդեռ «Սիթիում» նա լինելու էր հարձակման գծի միակ առաջատարը:

Mbappe: “Florentino Perez is a hugely important person to me” - Managing  Madrid

«Ռեալն» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ի վերջո ձեռք բերեց Մբապեին, իսկ հիմա Հոլանդը նոր՝ 10 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, ինչը գրեթե վերջնականապես անհնարին է դարձնում Մբապե - Հոլանդ զույգին մեկ թիմում տեսնելը: Մբապեն դժվար թե իր վաղեմի երազանքն իրականացնելուց հետո տեսանելի ապագայում փոխի թիմը, Հոլանդն էլ այնպիսի պայմանագիր կնքեց «Սիթիի» հետ, որ նրան ձեռք բերելու համար յուրաքանչյուր ակումբ ստիպված է արկղերով գումար ուղարկել Մանչեսթեր: «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունն էլ փոխվել է. ակումբը ոչ թե ցածր գին է վճարում, այլ անվճար է հրավիրում աստղերին. այդպես եկան Ալաբան, Ռյուդիգերն ու Մբապեն, այդպես Պերեսը մտադիր է բերել Ալֆոնսո Դևիսին և/կամ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Հոլանդին անվճար «Ռեալ» բերելու համար Պերեսը ստիպված է սպասել մինչև 2034 թվականը, այլ կերպ ասած՝ նորվեգացին «Արքայական ակումբի» գալակտիկոս չի դառնա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ