Անգլիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» խաղի մրցավարի տեսակրկնության օգնական Դարեն Ինգլենդն այս մրցաշրջանում այլևս չի սպասարկի «Լիվերպուլի» մասնակցությամբ խաղեր, հայտնում է The Telegraph-ը:
Մրցավեճի 34-րդ րոպեին Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո Լուիս Դիասը գրավել է «Տոտենհեմ» դարպասը, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակ արձանագրելու պատճառով: Անգլիայի մրցավարական կորպուսը (PGMOL) խոստովանել է, որ գոլը հարկավոր էր գրանցել:
Դարեն Ինգլենդն արագ կրկնապատկեր է դիտել՝ կարծելով, որ մրցավար Սայմոն Հուպերը հաշվել է գոլը: Նա խախտում չի արձանագրել և Հուպերին ասել է, որ ստուգմն ավարտված է: Դրվագից 2 րոպե անց հաշիվը բացել է «Տոտենհեմը»:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը պետք է վերախաղարկվի, քանի որ մրցավարները սխալմամբ չեն արձանագրել Լուիս Դիասի խփած գոլը:
«Խաղի ամբողջականությունը խաթարվել է, ակումբը կուսումնասիրի առկա տարբերակները և հանդես կգա խնդրի լուծման հստակ տարբերակներով», - նշված է «Լիվերպուլի» տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Դարեն Ինգլենդը չի հեռացվի աշխատանքից, քանի որ նրան աջակցել է (PGMOL-ի) տեխնիկական տնօրեն Հովարդ Ուեբը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: