Logo

Դանիելյանը գոլով նշեց նորամուտը «Վանում», Միլկովիչի ուշագրավ ցուցանիշները. Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:16 / 22.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 7-րդ տուրում հերթական հաղթանակը տոնելով, «Ալաշկերտը» 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Նոան»: Առաջնությունում անցկացված 31 հանդիպումներում դաշտի տերերը 14 հաղթանակ են տարել, 8 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 9 անգամ հաջողության են հասել հյուրերը:

7-րդ տուրում կրկնվեց նախորդ տուրի արդյունավետության ռեկորդը: Կրկին խփվեց 20 գոլ, որից 15-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 31 հանդիպումներում 83 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,67 գոլ):

2. Գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակը: «Ուրարտուն» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը՝ կրկնելով արարատցիների հետ հանդիպումներում արդյունավետության իր ռեկորդը: 2007թ. սեպտեմբերի 1-ին մրցակիցների միջև կայացած խաղում ևս «Բանանցը» հաղթել էր 6-0 հաշվով:

Իսկ մրցակիցների միջև կայացած ամենագոլառատ երկու խաղերում 10-ական գոլ է խփվել: 1994թ. նոյեմբերի 7-ին «Արարատը» «Բանանցին» հաղթել է 7-3 հաշվով, իսկ 2014թ. հոկտեմբերի 19-ին «Բանանցը» մրցակցին պարտության է մատնել 6-4 հաշվով:

«Ուրարտուն» ՀՀ առաջնության վերջին 4 խաղերում էլ հաղթել է «Արարատին»: Իսկ մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 12 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չի տոնել՝ կրելով 7 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

3. «Ալաշկերտը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ռևանշի հասնելով «Գանձասարի» նկատմամբ գավաթի նախնական փուլում կրած պարտության դիմաց: Fastex Պրեմիեր լիգայում ավելի հաջող «Ալաշկերտը» մեկնարկել է միայն 2022/23թթ. առաջնությունում՝ 6 խաղում վաստակելով 16 միավոր:

4. «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Նոայի» հետ առաջնության հանդիպումներում կրած 6 անընդմեջ պարտությունների շարքը՝ գրանցելով մարտական ոչ-ոքի՝ 2-2: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

5. «Արարատ-Արմենիա» - «Նոա» հանդիպումն աչքի ընկավ քարտերի առատությամբ: Մրցավար Հենրիկ Նալբանդյանն ընդհանուր առմամբ մրցող թիմերի ֆուտբոլիստներին 10 քարտ ցույց տվեց՝ խաղադաշտից հեռացնելով Վելթոնին, Մարին Յակոլիշին և Վիրժիլ Պինսոնին:

6. «Արարատը» 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ վերջին 3 խաղերում սեփական դարպասը բաց թողնելով 14 գոլ: Ընթացիկ առաջնությունում արարատցիները խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեցին: Առաջինը գրանցվել էր «Ալաշկերտի» հետ խաղում՝ 0-3:

7. Ալեքսանդր Միլկովիչը դարձավ ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ ԲԿՄԱ-ի դարպասը գրավելով 35 տարեկան 206 օրականում: Նա Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց 2-րդ լեգեոնականն է Սերժ Դեբլեից հետո, որը թիմում աչքի էր ընկել 35 տարեկան 228 օրականում:

Միլկովիչն ընդգրկվեց նաև Հայաստանի առաջնություններում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների հնգյակում: Ցանկը գլխավորում է «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Դյուդոննե Մբոկանին, որը գոլի հեղինակ էր դարձել 37 տարեկան 342 օրականում:

8. Արթուր Դանիելյանը գոլով նշեց նորամուտը «Վանում»: Նրա խաղընկեր Սաբա Սիդամոնիձեն, շիրակցի Մհեր Թառլոյանը, բանակային Արթուր Ասկարյանը և «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Ուգո Օլիվեյրան բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Ի դեպ, Թառլոյանի խփած գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» բաց թողած 250-րդ գնդակն էր:

9. Գանձասարցի Աննան Մենսահը Fastex Պրեմիեր լիգայում 144-րդ խաղն անցկացրեց ու շրջանցելով Մարկո Պրլևիչին, ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենափորձառու այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս դա Սիլվան, որը 230 խաղ է անցկացրել: Ընթացիկ առաջնության մասնակից այլազգի ֆուտբոլիստներից ռեկորդակիրն Օգնյեն Չանչարևիչն է, որը 194 խաղով ցանկում 4-րդն է:

10. Կարեն Մուրադյանն «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Դա թիմում 2-րդ ցուցանիշն է Արմեն Համբարձումյանից հետո, որը 221 խաղի է մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ