Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հույս է հայտնել, որ իր գլխավորած հավաքականը Հայաստանի թիմի հետ կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր: Այս մասին խորվաթ մասնագետը հայտարարել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
«Կարծում եմ՝ մեզ բավականին բարդ խաղ է սպասում. Հայաստանի հավաքականը կարողացել է հաղթել Ուելսին, Լատվիային, ոչ-ոքի ավարտել հանդիպումը թուրքերի դեմ: Թուրքիայի հավաքականի դեմ խաղում տեսանք, որ Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում: Կարծում եմ՝ պետք է շատ լուրջ մոտենանք վաղվա խաղին: Իսկապես բարդ խաղ ենք ակնկալում:
Երկու տարի առաջվա համեմատ՝ Հայաստանի հավաքականի խաղաոճը շատ է փոխվել: Հիմա Հայաստանի թիմը խաղում է բավական ագրեսիվ, երբեմն բաց ֆուտբոլ, լավ բլոկով պաշտպանվում է: Նախորդ հանդիպումն ընկերական էր, իսկ վաղվա խաղին մենք մոտենալու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:
Մի փոքր զարմացած եմ, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղեր անցկացրեց Ուելսի, Լատվիայի ու Թուրքիայի թիմերի դեմ: Հույս ունեմ՝ միասին կկարողանանք որակավորվել Եվրոպայի առաջնության հիմնական մրցաշարին: Բայց իհարկե շատ դժվար կլինի: Հայաստանի հավաքականը նոր ֆուտբոլիստներ ունի, ու կարծում եմ՝ բավականին լավ թիմ է: Եթե Հայաստանի հավաքականը 4 գոլ է խփել Քարդիֆում, ապա հարգանքի արժանի է»,- ասել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։