Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյին», հաղորդում է Sportal-ը:
Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության հաղթողի հետ:
«Կարծում եմ՝ մենք ունեցանք բոլոր հնարավոր մրցակիցներից ամենադժվարը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ` չեմ ցանկանում խաղալ Կիևի «Դինամոյի» դեմ բազմաթիվ պատճառներով՝ թե՛ ֆուտբոլային, թե՛ ոչ ֆուտբոլային։ Նախ և առաջ, Կիևի «Դինամոն» հիանալի թիմ է, գուցե լավագույններից մեկը, որին կարող ենք հանդիպել: Դրանից բացի, կա նաև քաղաքական իրավիճակ՝ ուկրաինացիների հետ ոչ հարթ հարաբերությունները։ Մենք տեսանք նույնիսկ, որ «Պարտիզանի» և ուկրաինական «Ալեքսանդրիայի» խաղերից առաջ նրանք թշնամաբար էին տրամադրված սերբերի նկատմամբ: Հետևաբար, ես կուզեի խուսափել այս բոլոր ոչ ֆուտբոլային պահերից, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասել է սերբը:
Հիշեցնենք, որ սերբական թիմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:


