Transfermarkt կայքի համակարգող Քրիստիան Շվարցը The Athletic-ի հետ անցկացրած հարցազրույցում պատմել է, թե ինչպես է արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դժգոհությունն այդ հարթակում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ։
Շվարցը նշել է, որ 2020 թվականին՝ դեռ «Յուվենտուսում» հանդես գալու շրջանում, Ռոնալդուն անձամբ է բացատրություններ պահանջել կայքից, սակայն բավարարված չլինելով պատասխանից՝ արգելանք է դրել Instagram-ում Transfermarkt-ի էջին։
«Հիմա տարիքը ֆուտբոլիստի արժեքի որոշման ամենակարևոր գործոններից է։ Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպեսև Լիոնել Մեսին, հասակն առած խաղացող է, ուստի միայն տարիքի պատճառով նրանց արժեքը հետզհետե իջնելու է։ Անգամ եթե նրանք նույնքան լավն են, որքան երեք տարի առաջ, նրանք, միևնույն է, 3 տարով մեծացել են։
Ռոնալդուն սոցիալական ցանցերում իր տրանսֆերային արժեքի վերաբերյալ հաղորդագրություն էր ուղարկել մեր տղաներին։ Նրան բացատրել էին պատճառները և նշել, որ նա մեծ տարբերությամբ առաջատար է իր տարիքային խմբում։ Ցանկում նշված հաջորդ խաղացողի համեմատ՝ տարբերությունը 30-50 միլիոն ֆունտի էր հասնում։ Դրան ի պատասխան՝ Ռոնալդուն էմոջիներ ուղարկեց և արգելափակեց մեզ»,- նշել է Շվարցը: