Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել իտալական «Ռոմայի» վինգեր Նիկոլո Ձանիոլոյին, հաղորդում է Calciomercato-ն:
Իտալացի մասնագետն իր հայրենակցի տրանսֆերն իրականացնելու խնդրանքով դիմել է անգլիական ակումբի ղեկավարությանը: Հնարավոր գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Նիկոլո Ձանիոլոն 2018 թվականի հուլիսին է Միլանի «Ինտերից» 4,50 միլիոն եվրոյով տեղափոխվել հռոմեական թիմ: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել էր 42 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:
«Տոտենհեմն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ձեռք է բերել դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին, պաշտպաններ Կլեման Լանգլեին (վարձավճարով), Ջեդ Սփենսին, կիսապաշտպաններ Իվ Բիսումային, Իվան Պերիշիչին և հարձակվող Ռիշարլիսոնին:


