Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ավարտված «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում սերբ թենիսիստը երեք սեթում հաղթեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ 5-7, 7-6, 7-6։ Մրցախաղը տևեց 3 ժամ 50 րոպե։
36-ամյա Ջոկովիչը նվաճեց կարիերայի 95-րդ տիտղոսը՝ շրջանցելով չեխ անվանի թենիսիստ Իվան Լենդլին։ Ավելի շատ տիտղոս ունեն միայն կարիերան ավարտած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու (103) ու ամերիկացի Ջիմի Քոնորսը (109)։
Կառլոս Ալկարասն ու Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ մրցեցին իրար դեմ. 2022-ին Մադրիդի «Մասթերսում» ու «Ուիմբլդոն-2023»-ի եզրափակիչում հաղթել էր 20-ամյա իսպանացին, իսկ «Ռոլան Գարոս-2023»-ի կիսաեզրափակիչում առավելության էր հասել սերբ թենիսիստը:
Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը, որը եզրափակիչում 6-3, 6-4 հաշվով հաղթեց չեխ Կարոլինա Մուխովային։ 19-ամյա թենիսիստուհին 5-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում և դարձավ Ցինցինատիի մրցաշարի ամենաերիտասարդ չեմպիոնուհին։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։


