Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ բոսնիական «Զրինսկիի» նկատմամբ և դիմակայությունը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:
Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացել էր դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան:
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» ուներ առավելությամբ, որը գոլի վերածեց 74-րդ րոպեին։ Տպավորիչ հարվածով դարպասը գրավեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն ավելացված ժամանակում նաև անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» հուլիսի 11-ին 0-1 հաշվով տնային պարտություն էր կրել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնից:
«Ուրարտու» - «Զրինսկի» դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում և որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ֆարուլի» հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվել է Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 1-2 (առաջին խաղը՝ 1-0) (տեսանյութ)
Նեմանյա Բիլբիյա, 27 - Նարեկ Գրիգորյան, 74, 90+1 (11մ)
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

