Logo

ՉԼ. «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» գերարդյունավետ ոչ-ոքին, «Արսենալը» և «Բավարիան» չպարզեցին հաղթողին

01:04 / 10.04.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը մեկնարկեց երկու վառ հանդիպումով: Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» 3-3 հաշվով ավարտեց Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղը, իսկ Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում մարտական ոչ-ոքի գրանցեց Մյունխենի «Բավարիայի» հետ՝ 2-2:

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում հյուրերին երկրորդ րոպեին առաջ մղեց պորտուգալացի վինգեր Բերնարդուն Սիլվան, որի՝ տուգանայինից կատարած հարվածից հետո «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինն անվստահ գործեց:

Սակայն արդեն 14-րդ րոպեին հաշվի մեջ առջևում էր «Արքայական ակումբը»։ Նախ 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը գրավեց սեփական դարպասը, ապա աչքի ընկավ դաշտի տերերի բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն։

66-րդ ու 71-րդ րոպեներին «Սիթին» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի ու խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի տպավորիչ գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, բայց 79-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդորիկո Վալվերդեն թնդանոթային հարվածով փրկեց պարտությունից Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։

Օրվա մյուս խաղում «Արսենալը» 12-րդ րոպեին բացեց հաշիվն անգլիացի վինգեր Բուկայո Սակայի գոլի շնորհիվ, բայց մինչև ընդմիջում «Բավարիան» նախ հավասարեցրեց, ապա` առաջ անցավ հաշվի մեջ: Գերմանական ակումբից գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ու անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը խփեց «Արսենալի» երկրորդ գոլը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ Բելգիացի հարձակվողն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 10 րոպե անց:

Երկու դիմակայությունների պատասխան խաղերը կկայանան ապրիլի 17-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3-3 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 12 (ինքնագոլ), Ռոդրիգո, 14, Ֆեդե Վալվերդե, 79 - Բերնարդու Սիլվա, 2, Ֆիլ Ֆոդեն, 66, Յոշկո Գվարդիոլ, 71

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 2-2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 12, Լեանդրո Տրոսարդ, 76 - Սերժ Գնաբրի, 18, Հարի Քեյն, 32 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ