Իտալական «Ինտերն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց պորտուգալական «Պորտուի» հետ, որին տանը հաղթել էր նվազագույն հաշվով։
Խաղն անցավ հավասար պայքարում, թեև «Պորտուն» ավելի շատ էր վերահսկում գնդակը: Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Պորտուի» բրազիլացի լատերալ Պեպեն:
Ամբողջ խաղին մասնակցեց «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 50-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, 14-րդը՝ գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում:
Օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը 7 անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Լայպցիգի» դարպասը:
Պենտա-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ, գերմանացի Իլկայ Գյունդոգանը և բելգիացի Կևին Դե Բրույնեն:
Հոլանդը կրկնեց ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը, որը կատալոնական «Բարսելոնայի» կազմում փլեյ-օֆֆի մեկ խաղում 5 անգամ գրավել էր Լևերկուզենի «Բայերի» դարպասը (7-1): Չեմպիոնների լիգայում պենտա-տրիկ գրանցել է նաև բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, որը Դոնեցկի «Շախտյորի» կազմում խմբային փուլում 5 գոլ է խփել բելառուսական ԲԱՏԷ-ին (7-0):
22-ամյա նորվեգացին դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հատեց 30 գոլի շեմը Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշին հասնելու համար Հոլանդից պահանջվեց 25 խաղ: Նա նաև 5-րդ հեթ-տրիկը գրանցեց ընթացիկ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաև իտալական «Միլանը», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին» ու Լիսաբոնի «Բենֆիկան»: Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Վերջին երկու մասնակիցները հայտնի կդառնան մարտի 15-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Ինտեր»՝ 0-0 (Իտալիա) (առաջին խաղը՝ 0-1) (տեսանյութ)
Հեռացում՝ Պեպե, 90+7 («Պորտու»)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լայպցիգ»՝ 7-0 (Գերմանիա) (առաջին խաղը՝ 1-1) (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 22 (11մ), 24, 45+2, 53, 57, Իլկայ Գյունդոգան, 49, Կևին Դե Բրույնե, 90+2