Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 5 գնդակ էր ուղարկել գերմանական «Լայպցիգի» դարպասը (7-0):
Մրցանակին հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն («Ինտեր»), նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը («Նապոլի») և ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»):
Եվրոպա լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Անտոնիո Ադանը։
Լոնդոնի «Արսենալի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանացին 7 սեյվ էր գրանցել և պորտուգալական թիմին օգնել հաղթել հետխաղյա 11-մետրանոցներով (1-1, 11-մ՝ 5-3):
Մրցանակին հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Օրկուն Կեչկոն («Ֆեյենորդ»), բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն («Մանչեսթեր Յունայթեդ») և կոտդիվուարցի կիսապաշտպան Ժան Տիերի Լազարը («Յունիոն»):
🧤 Adán wins #UEL Player of the Week with his goalkeeping heroics 🥇@hankookreifen || #UELPOTW pic.twitter.com/tSyRrffudY
— UEFA Europa League (@EuropaLeague) March 17, 2023
Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է բելգիական «Գենտի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը:
Թուրքական «Բաշակշեհիրի» դեմ խաղում (4-1) 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Օրբանը եվրագավաթների պատմության ամենաարագ հեթ-տրիկն էր ձևակերպել՝ երեք գոլ խփելով չորս րոպեում։
Մրցանակին հավակնում էին նաև անգլիական «Վեսթ Հեմի» վինգեր Ջարեդ Բոուենը, բելգիական «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը և հոլանդական «ԱԶ Ալկմարի» եզրային հարձակվող Յեսպեր Կառլսոնը: