Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Փարիզի ՊՍԺ-ին և հաղթեց 1-0 հաշվով։
Գերմանական ակումբի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերն ունեին լուրջ առավելություն և կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն դրվագներից մեկում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ու մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։
Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի մյուս կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը» չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2-2 հաշիվը։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-0 (տեսանյութ)
Նիկլաս Ֆյուլկրուգ, 36