Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մինսկի «Դինամոյի» հետ։
Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում կայացած հանդիպումն անցավ հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր, սակայն դարպասի գրավումներ չեղան։ Խաղավերջում հաղթանակ կորզելուն ավելի մոտ էր Բելառուսի չեմպիոնը, սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին երկու անգամ գոլից փրկեց դարպասապահ Հենրի Ավագյանը։
Այս խաղում «Փյունիկում» նորամուտը նշեցին բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը, բրազիլացի պաշտպան Ալեմաոն, պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսն ու պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում (մեկնարկը՝ 20:00-ից)։
Հիշեցնենք, որ բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: Պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Դինամո Մինսկ» (Բելառուս) - «Փյունիկ» (Հայաստան)` 0-0
«Փյունիկը» նույն խնդրով է գնում Եվրոպա․ Մելիքյանը կօգտագործի իր ամենաուժեղ կողմը


