Լոնդոնի «Չելսին» ու Լիսաբոնի «Բենֆիկան» դարձան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:
1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբը «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և հաղթեց 2-0 հաշվով: Լոնդոն ժամանելուց առաջ գերմանական ակումբը 2023 թվականին հաղթել էր բոլոր խաղերում։
«Չելսին» խաղի մեկնարկեց մեծ ճնշում գործադրեց «Բորուսիայի» դարպասին, սակայն հաշիվը կարողացավ բացել առաջին խաղակեսի ավարտից երկու րոպե առաջ, գոլով աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ռահիմ Սթերլինգը: Անգլիական գրանդն այս գոլով հավասարեցրեց դիմակայության հաշիվը, քանի որ Դորտմունդում պարտվել էր 0-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես անցել էր գրեթե ամբողջ առաջին խաղակեսը: «Չելսին» ավելացրեց ճնշումը և 48-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի հնարավորություն ստացավ: Գերմանացի հարձակվող Կայ Հավերցը վրիպեց նշակետից՝ հարվածելով դարպասաձողին, սակայն մրցավարը ցույց տվեց, որ պետք է կրկնել 11-մետրանոցը, քանի որ «Բորուսիայի» խաղացողները մինչև հարվածը մտել էին տուգանային հրապարակ: Երկրորդ հարվածի ժամանակ գնդակին կրկին մոտեցավ Հավերցը, որն այս անգամ դիպուկ էր՝ 2-0:
«Չելսին» պահպանեց հաղթական հաշիվը և դիմակայությունում առավելության հասավ 2-1 հաշվով:
Օրվա մյուս խաղում Պորտուգալիայի առաջնության առաջատար «Բենֆիկան» ընդունեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին» և հաղթեց խոշոր՝ 5-1 հաշվով:
«Բենֆիկայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ խփեցին պորտուգալացի կիսապաշտպաններ Ռաֆա Սիլվան և Ժոաու Մարիուն, բրազիլացի վինգեր Դավիդ Ներեսը:
«Բենֆիկան» առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով, իսկ դիմակայությունում առավելության հասավ 7-1 հաշվով:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Չելսի» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2-0 (առաջին խաղ՝ 0-1) (տեսանյութ)
Ռահիմ Սթերլինգ, 43, Կայ Հավերց, 53 (11մ)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 5-1 (առաջին խաղը՝ 2-0) (տեսանյութ)
Ռաֆա Սիլվա, 38, Գոնսալու Ռամուշ, 45+2, 57, Ժոաու Մարիու, 71 (11մ), Դավիդ Ներես, 77 - Բյոմ Մեյեր, 87