Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»։
«Բլաուգրանայից» հեթ-տրիկ գրանցեց բրազիլացի վինգեր Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ «Բավարիայից» աչքի ընկավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վաստակեց 6 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ, մյունխենյան ակումբը 3 միավորով 23-րդն է։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Պրահայի «Սպարտային» և 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Մանկունյական ակումբից դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակցող Էրլինգ Հոլանդը, իսկ անգլիացիներ, պաշտպան Ջոն Սթոունզը և կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, պորտուգալացի Մատեուշ Նունեշն աչքի ընկան մեկական անգամ։
«Սիթին» 7 միավորով երրորդն է, «Սպարտան» 4 միավորով 21-րդ տեղում է։
Անգլիական մյուս գրանդը` «Լիվերպուլը», արտագնա խաղում ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի գոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։
Մերսիսայդյան ակումբը մրցաշարում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և երկրորդ տեղում է, «Լայպցիգը» 32-րդն է առանց միավորի։
Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս միայն ավելացված երրորդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել շվեյցարական «Յանգ Բոյզից»։ «Ներաձուրիի» գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։
Իտալական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 7-ի և զբաղեցնում է 7-րդ տեղը, «Յանգ Բոյզը» պարտվել է բոլոր խաղերում ու նախավերջինն է` 35-րդը։
Ֆրանսիական «Լիլը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։ Հյուրերից երկու գոլ խփեց կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, իսկ «Ռոխիբլանկոսից» հաշիվը բացել էր Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խուլիան Ալվարեսը։
«Լիլը» 6 միավորով 15-րդն է, «Աթլետիկոն» 3 միավորով 27-րդ տեղում է։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 4-1 (տեսանյութ)
Ռաֆինյա, 1, 45, 56, Ռոբերտ Լևանդովսկի, 36 - Հարի Քեյն, 18
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 5-0 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 3, Էրլինգ Հոլանդ, 58, 68, Ջոն Սթոունզ, 64, Մատեուշ Նունեշ, 88 (11մ)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ինտեր» (Իտալիա)` 0-1 (տեսանյութ)
Մարկուս Թյուրամ, 90+3
Չիրացրած 11-մետրանոց` Մարկո Առնաուտովիչ, 48 («Ինտեր»)
«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 0-1 (տեսանյութ)
Դարվին Նունյես, 27
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 1-3 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 8 - Էդեն Ժեգրովա, 61, Ջոնաթան Դևիդ, 74 (11մ), 89
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-3 (տեսանյութ)
Քերեմ Ակթյուրքօղլու, 66 - Այասե Ուեդա, 12, Անտոնի Միլամբո, 33, 90+2
«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 0-2 (տեսանյութ)
Սանդրո Կուլենովիչ, 49, Բրունո Պետկովիչ, 84
Հեռացում` Ալեքսանդր Շլագեր, 66 («ՌԲ Զալբուրգ»)


