Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նորամուտը նշեց ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում և Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կազմում մասնակցեց Գլազգոյի «Սելթիկի» դեմ արտագնա հանդիպումը։ 30-ամյա ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինցեց 77-րդ րոպեին։
«Սլովանը» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին և պարտվեց 1-5 հաշվով։ Ակումբի պատմության մեջ առաջին գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածում խփեց ավստրիացի եզրային պաշտպան Կևին Վիմերը։
Անգլիայի և Իտալիայի չեմպիոններ «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» կրկնեցին 2023 թ. եզրափակիչը, սակայն «Էթիհադ» ստադիոնում կայացած խաղում այդպես էլ գոլեր չեղան։
Իտալական ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին։ 35-ամյա ֆուտբոլիստը 76-րդ րոեպին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ, սակայն նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։
Փարիզի ՊՍԺ-ն տանն ընդունեց մրցաշարի ևս մեկ նորեկի` կատալոնական «Ժիրոնային», և մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունն ու հաղթեց 1-0 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց հանդիպման վերջին` 90-րդ րոպեին մրցակցի արգենտինացի դարպասապահ Պաուլո Գասանիգայի ինքնագոլի շնորհիվ։
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» դրսում 3-0 հաշվով առավելության հասավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ։
Գերմանական գրանդից դուբլի հեղինակ դարձավ փոխարինման մտած անգլիացի վինգեր Ջեյմի Գիտենսը, մեկ գոլ էլ խփեց թիմի նորեկ, գվինեացի հարձակվող Սերու Գիրասին։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Սլովան» (Սլովակիա)` 5-1 (տեսանյութ)
Լիեմ Սքեյլզ, 17, Կյոգո Ֆուրուհասի, 47, Արնե Էնգելս, 56 (11մ), Դայզեն Մաեդա, 70, Ադամ Այդա, 87 - Կևին Վիմեր, 61
«Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 0-3 (տեսանյութ)
Ջեյմի Գիտենս, 76, 86, Սերու Գիրասի 90+5 (տեսանյութ)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ժիրոնա» (Իսպանիա)` 1-0 (տեսանյութ)
Պաուլո Գասանիգա, 90 (ինքնագոլ)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)` 0-0 (տեսանյութ)