Կառլո Անչելոտին դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Չեմպիոնների լիգայում ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը պատմության մեջ, հաղորդում է Marca-ն։
Գերմանական «Ունիոն Բեռլինի» նկատմամբ հաղթանակը (3-2) 64-ամյա իտալացի մասնագետի համար «Արքայական ակումբում» 42-րդն էր Չեմպիոնների լիգայում։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի Միգել Մունյոսն էր, որը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում տարել է 41 հաղթանակ։ Երրորդ տեղում իսպանացի Վիսենտե Դել Բոսկեն է՝ 34 հաղթանակ։
Հիշեցնենք, որ վերջերս Կառլո Անչելոտին նաև ռեկորդակիր էր դարձել Չեմպիոնների լիգայում հաղթանակների ցուցանիշով։ Այս պահին նա ունի 117 հաղթանակ։ Երկրորդ տեղ է նահանջել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը (115 հաղթանակ)։