Լևոն Արոնյանը Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում հաղթահարեց հերթական փուլի արգելքը՝ «արմագեդոնում» հաղթելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին:
Առաջին պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը սպիտակներով 56-րդ քայլին հաղթանակ տարավ: Հաջորդ պարտիայում Արոնյանը սևերով 37-րդ քայլին պարտվեց:
Մրցախաղի ելքը վճռվեց «արմագեդոնում»: Պարտիան 97-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի և գործող կարգի համաձայն հաղթանակը տրվեց սևերով խաղացող Արոնյանին:
Հայ գրոսմայստերը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը 1,5-0,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյին:
Արոնյան - Կառլսեն զույգի հաղթողը եզրափակիչում գլխավոր մրցանակը կվիճարկի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Վերջինս 2,5-0,5 հաշվով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: