Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը:
Մարիամ Մկրտչյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սպիտակներով 43-րդ քայլին պարտության մատնելով ղազախ Լիա Կուրմանգալիևային:
Մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 5-րդ հաղթանակը տարավ ու վաստակեց 6 միավոր: Մարիամը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային, որի հետ մրցելու է հաջորդ տուրում:
Տուրը հաղթական էր նաև Արմեն Բարսեղյանի համար, որը սևերով 59-րդ քայլին առավելության հասավ ղազախ Ալդիյար Անսաթի նկատմամբ: Բարսեղյանի հաշվին 4,5 միավոր է գրանցված:
Արթուր Դավթյանը սպիտակներով 77-րդ քայլին հաշտություն կնքեց նորվեգացի Մադս Վեստբի-Էլինգսենի հետ: Դավթյանը 4,5 միավոր է վաստակել:
Հոկտեմբերի 20-ին կկայանան 9-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնաց 3 տուր: