Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատային փառատոնի կայծակնային շախմատի (բլից) երրորդ մրցաշարում ևս կրկին հիանալի խաղաց Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 8 միավորով դարձյալ արժանանալով գլխավոր մրցանակին: Հիշեցնենք, որ նախօրեին նա կայծակնային շախմատում 7,5 միավորով էր հաղթող ճանաչվել:
Հայ գրոսմայստերը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք ունեցող ռուսաստանցի Ալեքսեյ Սարանային, որին հաղթել էր 8-րդ տուրում:
Գրիգորյանը տարավ 8 հաղթանակ, միակ պարտությունը կրեց չորրորդ տուրում սերբ Ալեքսա Ստրիկովիչից, որը 6,5 միավորով զբաղեցրել էր 8-րդ տեղը:
Մանուել Պետրոսյանը 6 միավորով 16-րդն էր: Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով գրավեց 25-րդ տեղը, Դավիթ Դավթյանը 4,5 միավորով զբաղեցրեց 48-րդ տեղը: