Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլը մոտենում է ավարտին: Վերջին՝ 6-րդ տուրից առաջ մի շարք թիմեր արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում:
VNews-ը ներկայացնում է խմբերում տիրող իրավիճակը.
A խումբ
Մյունխենի «Բավարիան», որի 17-խաղյա հաղթական շարքը ՉԼ խմբային փուլի հանդիպումներում ընդհատեց «Կոպենհագենը», առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: Մյուս ուղեգրի համար պայքարը կշարունակեն «Կոպենհագենը»(5 միավոր), «Գալաթասարայը»(5 միավոր) ու «Մանչեսթեր Յունայթեդը»(5 միավոր):
B խումբ
Լոնդոնի «Արսենալն» առաջին տեղով ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, նիդերլանդական ՊՍՎ-ն՝ երկրորդ տեղով:
C խումբ
Մադրիդի «Ռեալը», որը հաղթել է խմբային փուլում անցկացրած 5 խաղերը, առաջին տեղով ապահովել է ուղեգիրը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Նապոլին»(7 միավոր) ու «Բրագան»(4 միավոր):
D խումբ
Այստեղ ուղեգրային պայքարն ավարտվել էր դեռ 5-րդ տուրից առաջ: Փլեյ-օֆֆ են դուրս եկել «Ռեալ Սոսյեդադն» ու Միլանի «Ինտերը», որոնք վաստակել են 11-ական միավոր: Միակ հարցն այն է, թե ո՛ր թիմը ո՛ր տեղով կանցնի հաջորդ փուլ: Վերջին տուրից առաջ Սան Սեբաստյանը ներկայացնող թիմը հավելյալ ցուցանիշներով առաջատարն է:
E խումբ
Մադրիդի «Աթլետիկոն» ու «Լացիոն» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 11 միավորով առաջատարն է, իսկ հռոմեական ակումբը վաստակել է 10 միավոր: Վերջին տուրում հայտնի կդառնա, թե թիմերը ո՛ր տեղով դուրս կգան հաջորդ փուլ:
F խումբ
«Մահվան խմբից» շատերի համար անսպասելիորեն փլեյ-օֆֆի ուղեգիրն արդեն ապահովել է Դորտմունդի «Բորուսիան»: Մյուս ուղեգրի համար կատաղի պայքար կլինի ՊՍԺ-ի(7 միավոր), «Նյուքասլի»(5 միավոր) ու «Միլանի»(5 միավոր) մասնակցությամբ:
G խումբ
Ինչպես «Ռեալը», այնպես էլ «Մանչեսթեր Սիթին», հաղթել է բոլոր 5 խաղերը և առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ: Երկրորդ ուղեգիրը բաժին է հասել «Լայպցիգին»:
H խումբ
Լիոնել Մեսիի հեռանալուց հետո առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կլինի կատալոնական «Բարսելոնան»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն «Պորտուն» ու Դոնեցկի «Շախտյորը», որոնք վաստակել են 9-ական միավոր: