Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա ավարտից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի ևս 3 մասնակիցներ: Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին անգլիական «Լիվերպուլը», պորտուգալական «Պորտուն» ու իտալական «Ինտերը», որը Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ տանը 4-0 հաշվով հաղթել էր չեխական «Վիկտորիա Պլզենին»:
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իտալական «Նապոլին», պորտուգալական «Բենֆիկան» ու բելգիական «Բրյուգեն»:
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Իսպանիան կունենա միայն մեկ ներկայացուցիչ: Կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն» ու «Սևիլիան» կորցրել են փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու շանսերը:
Խմբային փուլի վերջին տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 1-2-ին, իսկ փլեյ-օֆֆի վիճակահանությունը կանցկացվի նոյեմբերի 7-ին: