Logo

Չեմպիոնի հաղթական մեկնարկը, «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. ՀՊԼ-ի 1-ին տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:29 / 01.08.2023Ֆուտբոլ
Բացառիկ
ՀՊԼ-1-տուր

5 հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ առաջնությունը: VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 4 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը գրանցեց «Նոան»:

Մեկնարկային տուրն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ. 5 խաղում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,2 գոլ): Առաջնության անդրանիկ գոլի հեղինակը Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիայի» հարձակվող Արտեմ Գևորգյանն էր, որը հանդիպման 8-րդ րոպեին գրավեց իր նախկին թիմի՝ Գյումրիի «Շիրակի» դարպասը:

 

ՀՊԼ-1-տուր-1

2. Վերջին 4 մրցաշրջաններում առաջին անգամ գործող չեմպիոնն առաջնությունը սկսեց հաղթանակով: «Ուրարտուն» Հայաստանի առաջնություններում ԲԿՄԱ-ի հետ անցկացրած 9-րդ խաղում էլ հաղթեց: Գործող չեմպիոններից վերջին անգամ առաջնությունը հաղթանակով էր սկսել «Արարատ-Արմենիան»՝ 2019/20թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրում 3-1 հաշվով պարտության մատնելով «Գանձասար-Կապանին»: Հաջորդ մրցաշրջանն «Արարատ-Արմենիան» մեկնարկել էր «Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով:

2021/22թթ. առաջնությունը գործող չեմպիոն «Ալաշկերտը» սկսել էր «Արարատ-Արմենիայից» 0-3 հաշվով կրած պարտությամբ, իսկ անցյալ տարի «Փյունիկը» մեկնարկային տուրում նվազագույն հաշվով զիջել էր «Արարատին»:

3. Մեկնարկային տուրում միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ շիրակցի Սերյոժա Ուռուշանյանը, «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու «Արարատ-Արմենիայի» հարձակվող Տենտոն Յենեն դուբլ ձևակերպեցին և 2-ական գնդակով գլխավորեցին առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

 

ՀՊԼ-1-տուր-2

4. Շիրակցի Սերյոժա Ուռուշանյանը, ԲԿՄԱ-ում նորամուտը նշած Խարիտոն Այվազյանը և «Արարատ-Արմենիայում» առաջին խաղն անցկացրած Մաթյո Գբոմադուն բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Խարիտոն Այվազյանն (19 տարեկան 264 օրական) ընդգրկվեց Հայաստանի Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Իսկ Գբոմադուն դարձավ ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Արարատի» դարպասը գրավելով 18 տարեկան 287 օրականում: Նա գերազանցեց Արթուր Սերոբյանի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր 19 տարեկան 243 օրականում:

5. ՀՊԼ-ում «Վեստ Արմենիայում» նորամուտը նշած Արտեմ Գևորգյանն ու Սարգիս Մեթոյանը և «Նոայում» առաջին խաղն անցկացրած Արթուր Միրանյանը բացեցին գոլերի հաշիվն իրենց նոր ակումբներում: Միրանյանն ընդգրկվեց ՀՊԼ-ում «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Նա 11մ հարվածով «Վանի» դարպասը գրավեց 27 տարեկան 214 օրականում:

 

ՀՊԼ-1-տուր-3

6. Հրայր Մկոյանը 3 տարվա ընդմիջումից հետո կրկին խաղադաշտ դուրս եկավ հարազատ «Շիրակի» մարզաշապիկով: Վերջին խաղը «Շիրակում» գյումրեցի պաշտպանն անցկացրել էր 2020թ. հուլիսի 6-ին «Նոայի» դեմ մրցավեճում, որում 79-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից:

Մկոյանն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում «Շիրակի» կազմում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (36 տարեկան 330 օրական)՝ ցանկից դուրս մղելով Ֆելիքս Խոջոյանին (34 տարեկան 320 օրական):

7. Դմիտրի Աբակումովը նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում: «Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահն առաջնությունում նախորդ խաղն անցկացրել էր անցյալ տարվա մայիսի 28-ին «Արարատի» հետ կայացած 2021/22թթ. առաջնության վերջին տուրի մրցավեճում:

Աբակումովն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» կազմում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ թիմի դարպասը պաշտպանելով 34 տարեկան 22 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Արաս Օզբիլիսին, որը ԲԿՄԱ-ի հետ խաղում 33 տարեկան 143 օրական էր:

8. Արսեն Բեգլարյանն էլ նորամուտը նշեց «Արարատ-Արմենիայի» կազմում՝ ընդհատելով Հայաստանի առաջնություններում Վսևոլոդ Երմակովի առանց փոխարինումների, անընդմեջ անցկացրած 70 խաղերի շարքը, որը ռեկորդային է դարպասապահների համար:

 

ՀՊԼ-1-տուր-4

Նախորդ անգամ Երմակովը բաց էր թողել 2021թ. մայիսի 28-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության հանդիպումը, որում Վարդան Բիչախչյանն «Արարատի» դարպասի պաշտպանությունը վստահել էր Պողոս Այվազյանին:

Այսպիսով, Վսևոլոդ Երմակովը զրկվեց նախկին փյունիկցի Արթուր Յուզբաշյանի ռեկորդը գերազանցելու հիանալի հնարավորությունից: Վերջինս  2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել էր թիմի անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:

9. Ալաշկերտցի Սերոբ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց:

10. Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնությունում նորամուտը նշեց «Փյունիկում», որը նրա կարիերայի 6-րդ հայկական ակումբն է: «Ալաշկերտի» նախկին ավագն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» կազմում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Իր նախկին թիմի դեմ խաղի օրը Գրիգորյանը 35 տարեկան 285 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Ալեքսանդր Կարապետյանին, որը «Փյունիկում» վերջին խաղն անցկացրել էր 34 տարեկան 347 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ