«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Մարկ Գույուն կատալոնական ակումբի կազմում նորամուտը նշելուց ու Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (1-0) հաղթական գոլ խփելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Չեմ կարող հավատալ այս ամենին, վայելում եմ պահը։ Սա անհավանական է։ Ամբողջ կյանքում աշխատել եմ, որպեսզի ստանամ իմ շանսը։
Գնդակը Ֆիլիքսի մոտ էր, և ես տեսա, որ կա ազատ տարածություն։ Հետո մեն-մենակ դուրս եկա Ունաի Սիմոնի դեմ ու գրավեցի դարպասը։ Մեծ պատիվ է գոլ խփել այդպիսի խաղամակարդակի դարպասապահի։ Չավին ասաց, որ եթե շարունակեմ աշխատել, կունենամ իմ շանսը։
Լա մասիան գործում է։ Տարվում է մեծ աշխատանք, և պետք է օգտվել դրանից ակումբի համար բարդ ժամանակահատվածում»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» սանը փոխարինման էր մտել 79-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց դարձել էր գոլի հեղինակ։