Անգլիական «Նյուքասլը» վարձակալական պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» անգլիացի պաշտպան Լուիս Հոլի հետ, հաստատում են ակումբները:
Վարձակալության ժամկետը մեկ տարով է, «Նյուքասլը» 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայմանագրային հնարավորություն կունենա հաջորդ ամռանը:
Անգլիայի Մ19 հավաքականի անդամը նոր թիմում կխաղա «20» համարի մարզաշապիկով:
Հոլը համարվում է «Չելսիի» ակադեմիայի ամենավառ ներկայացուցիչներից: Նա հիմնական թիմում անցկացրել է 12 հանդիպում՝ ներառյալ նախորդ մրցաշրջանում «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի երկու խաղերը:
2022/23 մրցաշրջանում Լուիս Հոլը ճանաչվել է «Չելսիի» ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ:
«Ես շատ հպարտ եմ: Ես ու իմ ընտանիքը «Նյուքասլի» երկրպագու ենք: Անհամբերությամբ եմ սպասում մեկնարկին: Հպարտ եմ, որ որպես մարդ ու խաղացող շատ եմ զարգացել: Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս մարզաշապիկը հագնելը, քանի որ մանկուց այս ակումբի երկրպագու եմ»,- «Նյուքասլի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Լուիս Հոլը: