Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար մտադիր է դեկտեմբերին ստանալ հայկական անձնագիր, հայտնում է Sports.ru-ն՝ վկայակոչելով խաղացողի շրջապատին։
Հայկական անձնագիր ստանալը կհեշտացնի Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալը, և «Չելսին» կկարողանա տրանսֆերի համար գումար փոխանցել հայկական բանկի միջոցով։ Միաժամանակ նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ փոխել մարզական քաղաքացիությունը, և պատրաստվում է շարունակել ելույթները Ռուսաստանի հավաքականում։
Օգոստոսին տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվել էր Արսեն Զախարյանի տեղափոխությունն անգլիական գրանդ:
Հիշեցնենք, որ Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է չորս հանդիպման: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:


