Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հասեկի օգնական Յարոսլավ Վեսելին և կիսապաշտպան Անտոնին Բարաքը Հայաստանի հավաքականի դեմ Պրահայում կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին:
Յարոսլավ Վեսելի
«Չի կարելի սպասել, որ կազմը նույնը կլինի, փոփոխություններ կլինեն: Աստղային խաղացողները, ինչպիսիք են Սոուչեկը, Շիկը և Բարաքը, ցանկանում են խաղալ: Մենք կենտրոնանալու ենք ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի վրա: Կընտրենք այնպիսի կազմ, որը կարող է հարց լուծել խաղադաշտում»,- չեխ մասնագետի խոսքը մեջբերում է fotbal.cz-ը:
Անտոնին Բարաք
«Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ մի քանի խաղ ենք դիտել: Տեսել ենք նրանց հաղթանակն Ուելսի հավաքականի նկատմամբ: Նրանք նաև հիանալի հանդիպումներ են անցկացրել Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ։ Պետք չէ թերագնահատել Հայաստանի ազգային հավաքականին։ Յուրաքանչյուր թիմ ունի իր ուժեղ և որակական կողմերը: Մեզ համար այս հանդիպումը պաշտոնական խաղի նման է, ցանկանում ենք հաղթել Հայաստանի հավաքականին»,- նշել է իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստը:
Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին «Լետնա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին: Չեխերը նույն օրն արտագնա ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել են Նորվեգիայի հավաքականին:


