Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Լաս Պալմասի» նկատմամբ արտագնա հաղթանակը:
«Մենք խաղացինք հաղթելու համար և արժանիորեն հաղթեցինք այս մրցավեճում: Վիտոր Ռոկեի ժամանումն է պատճառը, որ Լևանդովսկին փոխարինվեց։ Մեզ պետք էին հարձակվողներ, որոնք կարող են օգնել պաշտպանվելիս: Ֆերանի գոլը մեզ թևեր տվեց: Կարծում եմ՝ մենք արդարացիորեն հաղթեցինք:
Ընդմիջմանը տղաներին ասացի, որ հաղթելու ենք 3:1 հաշվով: Կանսելուի վնասվածքը լուրջ չէ»,- AS-ի հետ զրույցում ասել է Չավին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա մրցավեճում 2-1 հաշվով պարտության մատնեց «Լաս Պալմասին»: Կատալոնական ակումբը վաստակեց 41 միավոր ու 3-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։