«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:
«Լեոն գիտի, որ «Բարսելոնան» իր տունն է: Ակումբի դռները միշտ բաց են նրա համար։ Նա իմ ընկերն է, մենք անընդհատ կապ ենք պահպանում։ Նրա վերադարձը կախված կլինի միայն իրենից և իր ցանկություններից։ Մեսին պատմության լավագույն խաղացողն է, նրա համար երբեք դժվար չի լինի հարմարվել «Բարսելոնայի» խաղին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Նախորդ երկու օրն աշխարհի չեմպիոնը հանգիստն անցկացրել էր Բարսելոնայում և հանդիպել նախկին թիմակիցներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսին, որը նաև արգենտինացու գործակալն է, հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Հիշեցնենք, որ Մեսին կատալոնական գրանդի գլխավոր թիմում խաղացել էր 2005-2021 թվականներին: Արգենտինայի հավաքականի ավագը 672 գոլով «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: ՊՍԺ-ի հետ Մեսիի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: