Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող շախմատի «Չեսմուդ Օփեն» միջազգային մրցաշարի 3-րդ տուրում հայ շախմատիստներից 3-ը շարունակեց հաղթարշավը:
Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Շանթ Սարգսյանը 3-րդ տուրում էլ հաղթեց՝ սևերով 32-րդ քայլին պարտության մատնելով Հովիկ Հայրապետյանին: Վերջինս 2 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց:
Հաղթարշավը շարունակեց նաև Տիգրան Պետրոսյանը՝ սպիտակներով 44-րդ քայլին առավելության հասնելով առաջատարների թվում գտնվող Արման Սահակյանի նկատմամբ:
3-րդ հաղթանակը տարավ նաև Հայկ Երիցյանը, որի մրցակիցը սևերով խաղացող Մամիկոն Ղարիբյանն էր: Իսկ ահա Արման Փաշիկյանն առաջին պարտությունը կրեց՝ սպիտակներով զիջելով ռուսաստանցի Մատվեյ Գալչենկոյին:
3-րդ տուրից հետո Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Երիցյանն ու Մատվեյ Գալչենկոն 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հոկտեմբերի 3-ին կկայանան 4-րդ տուրի մրցախաղերը: