«Նոան» տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում՝ տնային խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկելով չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Նոան» հայկական առաջին ակումբն է, որ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: «Ալաշկերտը» 2021/22թթ. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը սկսել էր Թել-Ավիվի «Մաքաբիից» հյուրընկալվելիս 1-4 հաշվով կրած պարտությամբ: Հաջորդ մրցաշրջանում էլ «Փյունիկն» էր մեկնարկում պարտվել՝ Շվեյցարիայում 1-3 հաշվով զիջելով «Բազելին»:
2. Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում «Նոան» 9-րդ խաղն անցկացրեց՝ տանելով 6-րդ հաղթանակը: Խաղերից միայն 2-ում է թիմը պարտվել, մեկ խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնը 20 գոլ է խփել, բաց է թողել ընդամենը 6 գնդակ:
3. «Նոան» սեփական դաշտում անցկացրած 5-րդ խաղում էլ հաղթեց՝ 4-րդ անգամ դարպասը պահելով անառիկ: Հայաստանի փոխչեմպիոնն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 17 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Միակ գոլը տնային խաղում «Նոան» բաց է թողել հունական ԱԵԿ-ից:
4. «Մլադա Բոլեսլավի» հետ հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 25-րդն էր հայկական 4 թիմերի մասնակցությամբ: Հայկական ակումբները տարել են 14 հաղթանակ, 3 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 8-ում հաջողության են հասել մրցակիցները: Հայկական թիմերը խփել են 42 գոլ, բաց են թողել 27 գնդակ: Գրանցված ցուցանիշները ռեկորդային են հայկական ակումբների համար եվրագավաթների խաղարկություններում:
5. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց չեխական ակումբի հետ՝ նորամուտը նշելով հաղթանակով: Մինչև այդ Հայաստանի ներկայացուցիչներից միայն «Կոտայքին» («Բռնո»` 3-2) և «Փյունիկին» էր («Յաբլոնեց»` 2-1) հաջողվել հաղթել չեխական ակումբի:
6. Եվրագավաթներում հայ-չեխական ֆուտբոլային 6-րդ դիմակայությունն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով: Կայացած 11 հանդիպումներից միայն 3-ում են հայկական ակումբները հաղթել, մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է Չեխիայի ներկայացուցիչներին: Հայկական թիմերը 10 գոլ են խփել ու 23 գոլ են բաց թողել:
7. Պորտուգալացի Ռուի Մոտան եվրագավաթներում հայկական թիմերը գլխավորած 52 մարզիչների մեջ լավագույն արդյունքն ունի: Նրա գլխավորությամբ «Նոան» անցկացրած 9 հանդիպումներում վաստակել է 19 միավոր, ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն է:
8. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոայի» առաջին գոլի հեղինակ Մաթեուս Այասը եվրագավաթներում 3-րդ գնդակը խփեց: Մինչև այդ նա աչքի էր ընկել Սլովակիայի «Ռուժոմբերոկի» հետ հանդիպումներում՝ խփելով մեկական գոլ:
9. Վիրջիլ Պինսոնը եվրագավաթներում 4-րդ գոլը խփեց, ինչը թիմում երկրորդ ցուցանիշն է Գոնսալո Գրեգորիոյի արդյունքից հետո: Նա գոլերի հաշիվը բացել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ խաղում, այնուհետև մեկական գոլ էր խփել Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին» և հունական ԱԵԿ-ին:
10. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթներում 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների դարպասապահների համար: Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում դա Հայաստանի հավաքականի դարպասապահի 4-րդ «չոր» խաղն էր անցկացրած 8 հանդիպումներում: