Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նախորդ տարվա դեկտեմբերին ստացած անրակի կոտրվածքից ապաքինվելու և Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպումների մասին:
«Վերականգնմանս գործընթացը սկզբից էլ լավ ընթացավ։ Ակումբում, այդ թվում` նախագահը, շատ օգնեցին։ Կարող եմ ասել, որ հիմա շատ լավ վիճակում եմ։ Միգուցե ֆիզիկապես դեռ 90-95 տոկոսով եմ պատրաստ, բայց հոգեբանորեն միշտ 100 տոկոսով պատրաստ եմ։
Բոլորը գիտեն, որ ես միշտ դրական եմ տրամադրված։ Այնքան էլ հաճելի վնասվածք չէր դարպասապահի համար, բայց ամեն ինչ արդեն անցյալում է։ Նայում եմ առաջ և դեռ շատ բաներ ունեմ նվաճելու։
Շատ ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո կրկին հավաքվել ենք այստեղ։ Նոր գլխավոր մարզիչ ունենք։ Հավանաբար, շատ ժամանակ չենք ունենա աշխատելու բոլոր դետալների ուղղությամբ, բայց կփորձենք ամեն վայրկյանն ու ժամն օգտագործել, որպեսզի ավելի շատ շփվենք մարզչի հետ, հասկանանք նրա առաջադրանքները։
Արդեն կիսով չափ հայ եմ զգում, քանի որ արդեն երկար ժամանակ է՝ այստեղ եմ։ Ամեն ինչ անում եմ` այս խաղերին լավ պատրաստվելու համար։ Հասկանում եմ, որ բոլորի համար շատ կարևոր խաղեր են։
Շատ ճնշում չեմ զգում, բայց անհամբեր սպասում եմ առաջիկա խաղերին։ Շատ եմ հարգում Վրաստանի թիմին։ Նրանք անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն։ Մենք էլ մեր կողմից կփորձենք ապացուցել, որ հայկական ֆուտբոլի մակարդակը բավական բարձր է»,- նշել է Չանչարևիչը։
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ին սկսել է մարզական հավաքն ու առաջին մարզումն անցկացրել նոր գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի օրոք։
Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Թբիլիսիում։ Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


