Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 25-ին կայացան խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները:
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» F խմբում հյուրընկալվեց գերմանական «Լայպցիգին» և պարտվեց 2-3 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, հարձակվողներ, ֆրանսիացի Քրիստոֆեր Նկունկուն և գերմանացի Տիմո Վերները: Իսպանիայի չեմպիոնի կոզմում աչքի ընկան բրազիլացիներ Վինիսիուսը և Ռոդրիգոն:
Խմբի մյուս խաղում շոտլանդական «Սելթիկն» ու Դոնեցկի «Շախտյորը» Գլազգոյում 1-1 հաշիվը գրանցեցին:
«Ռեալը» 10 միավորով մնաց առաջին տեղում և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Լայպցիգը» 9 միավորով երկրորդն է, «Շախտյորը» երրորդն է՝ 6 միավոր: «Սելթիկը» երկու միավորով եզրափակում է խմբի աղյուսակը և կորցրեց եվրագավաթներում մնալու շանսերը:
E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանն» արտագնա խաղում 4-0 հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ: Ավելի վաղ խմբի մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել էր ավստրիական «Զալցբուրգին» և ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Միլանը» 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Զալցբուրգը» 6 միավորով երրորդն է: Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Չելսին» ունի 10 միավոր, իսկ աղյուսակը եզրափակում է 4 միավոր ունեցող «Դինամոն»:
G խմբում Դորտմունդի «Բորուսիան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Գերմանիայում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիադ Մահրեզը Չեմպիոնների լիգայում երկրորդ խաղում անընդմեջ վրիպեց 11-մետրանոցից:
Ավելի վաղ խմբի մյուս խաղում իսպանական «Սևիլիան» տանը 3-0 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին»:
«Բորուսիան» 8 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Երրորդ տեղում ընթացող «Սևիլիան» երեք միավոր է հետ գերմանական ակումբից, որին զիջում է անձնական խաղերի ցուցանիշով: «Մանչեսթեր Սիթին», որը նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը, 11 միավորով առաջատարն է: «Կոպենհագենը» երկու միավորով վերջին տեղում է:
H խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն տանը 7-2 հաշվով հաղթեց իսրայելական «Մաքաբի Հայֆային», իսկ զուգահեռ ընթացող խաղում Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական խաղադաշտում 4-3 հաշվով առավելության հասավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:
ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձան արգենտինացի Լիոնել Մեսին, ֆրանսիացի Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփեցին բրազիլացի Նեյմարն ու իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը: Իսրայելական թիմն էլ մեկ ինքնագոլ գրանցեց:
ՊՍԺ-ն և «Բենֆիկան» 11-ական միավորով նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ «Յուվենտուսն» ու «Մաքաբին» երեքական միավորով վերջին տուրում կպայքարեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար:
2013/2014 մրցաշրջանից հետո առաջին անգամ «Յուվենտուսը» չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Միլան» (Իտալիա)՝ 0-4 (տեսանյութ)
Մատեո Գաբիա, 39, Ռաֆայել Լեաո, 49, Օլիվյե Ժիրու, 59, Ռոբերտ Լյուբիչիչ, 69 (ինքնագոլ)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1-2 (տեսանյութ)
Չուկվուբուիկե Ադամու, 49 - Մատեո Կովաչիչ, 23, Կայ Հավերց, 64
F խումբ
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3-2 (տեսանյութ)
Յոշկո Գվարդիոլ, 13, Քրիստոֆեր Նկունկու, 18, Տիմո Վերներ, 81 - Վինիսիուս, 44, Ռոդրիգո, 90+4
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 1-1 (տեսանյութ)
Գիորգոս Գիակումակիս, 34 - Միխայիլ Մուդրիկ, 58
G խումբ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0-0 (տեսանյութ)
Չիրացված 11 մետրանոց՝ Ռիադ Մահրեզ, 58 («Մանչեսթեր Սիթի»)
«Սևիլիա» (Իսպանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 3-0 (տեսանյութ)
Յուսեֆ Էն-Նեսիրի, 61, Իսկո, 88, Գոնսալո Մոնտիել, 90+2
Հեռացում՝ Դավիթ Խոչոլավա, 90+4 («Կոպենհագեն»)
H խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 7-2 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 19, 44, Կիլիան Մբապե, 32, 64, Նեյմար, 35, Սին Գոլդբերգ, 67 (ինքնագոլ), Կառլոս Սոլեր, 84 - Աբդուլայե Սեկ, 38, 50
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 4-3 (տեսանյութ)
Անտոնիու Սիլվա, 17, Ժոաու Մարիու, 28, Ռաֆա Սիլվա, 35, 50 - Մոյզե Քին, 21, Արկադիուշ Միլիկ, 77, Ուեսթոն Մակքենի, 79