Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշում է կայացրել Իտալիան ներկայացնող կուբացի ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոյի (74 կգ) և ադրբեջանցի Թուրան Բայրամովի սկանդալային գոտեմարտի վերաբերյալ։
Բաքվում կայացած եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտի արդյունքը ճանաչվել է անարդարացի։ Մի քանի մրցավար որակազրկվել են մինչև տարեվերջ։ Այնուամենայնիվ, Բայրամովի հաղթանակը մնացել է ուժի մեջ, քանի որ ըմբշամարտի միջազգային կանոններով չի թույլատրվում փոխել գոտեմարտի ելքը։
Ավելի վաղ աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Չամիզոն հայտարարել էր, որ Ադրբեջանի մայրաքաղաքում իրեն 300 հազար դոլար էին առաջարկել Թուրան Բայրամովի հետ կիսաեզրափակիչի գոտեմարտում պարտվելու դիմաց, սակայն հրաժարվել էր։
Հիշեցնենք, որ մրցավարական կողմնակալ որոշումներով անցած գոտեմարտն ավարտվել էր 8-8 հաշվով, հաղթանակը շնորհվել էր ադրբեջանցուն, քանի որ Չամիզոն ունեցել էր երկու նկատողություն: Հաղթողը նվաճում էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։