Logo

Չախալյան. «Սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար»

20:53 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։

«Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ Որոշ բաներ առաջին խաղակեսում մեզ մոտ չէր ստացվում, սակայն կարողացանք փոփոխություններ կատարել ինչպես ընդմիջմանը, այնպես էլ հանդիպման ժամանակ։ Երկրորդ խաղակեսում խաղը փոխվեց, տղաները կարողացան կատարել առաջադրանքները, որոնք ստացել էին։

Տղաներից ընդմիջմանը պահանջել եմ լինել համբերատար, քանի որ առանց դրա չես կարող անել այն, ինչ ցանկանում ես։ Միակ պահանջս դա է եղել։

Մեզ համար գլուխկոտրուկ էր, թե ով պետք է խաղա պաշտպանության աջ եզրում և չէինք կարծում, որ Գեորգի Հարությունյանը պետք է լինի այդ դիրքում։ Կրկին դիտեցինք մրցակցի հանդիպումները, խոսեցինք ֆուտբոլիստների հետ, որոնք կարող էին խաղալ այդ դիրքում։ Մեզ տպավորեց, հատկապես, Գեորգիի պատասխանը։ Մենք դիտարկում էինք նաև Ուդոյի տարբերակը, բայց, քանի որ որոշել էինք խաղալ երկու հենակետային կիսապաշտպանով, այդ պատճառով նրան դաշտ դուրս չբերեցինք աջ պաշտպանի դիրքում։ Ընտրությունը կատարել ենք Կալիզիրի ու Հարությունյանի միջև։

Ֆուտբոլն այնքան է զարգացել, որ հաղթում են ոչ թե խաղային համակարգերը, այլ համակարգում ընդգրկված ֆուտբոլիստները։ Չկան հարձակողական կամ պաշտպանողական համակարգեր։ Պարզապես, կա համակարգ, որը ֆուտբոլիստների դասավորվածությունն է որոշում խաղից առաջ։ Սուլիչից հետո ամեն ինչ փոխվում է։ Ինչի՞ էինք ընտրել 4-2-3-1 խաղային սխեման։ Գիտեինք, որ մրցակիցն ունի գլխով լավ խաղացող հարձակվողներ ու սպասում էինք, որ նրանք էլ են նախաձեռնող ֆուտբոլ ցույց տալու` հաղթելու համար։ Այդ պատճառով նպատակահարմար էր, որ մեր երկու կենտրոնական պաշտպանների կողքին լինեն նաև երկու հենակետայիններ։ Ինչից զգուշանում էինք, որոշակիորեն կարողացանք լուծել դաշտում այդ խնդիրը։

Մարզումների միջոցով ժամանակ չէինք ունեցել հասկանալ, թե ինչպես ենք ուզում խաղալ։ Եթե Երևանում կարողացանք մեկ-երկու տակտիկական մարզում անցկացնել, այստեղ դրա ժամանակը չի եղել։ Ռիգայում մեկ մարզում ենք անցկացրել, որն ավելի շատ զգուշավոր բնույթ ուներ, որպեսզի մրցակիցը չհասկանա` ինչ ենք պատրաստում։ Ֆուտբոլիստներին ամեն ինչ բացատրել էինք թեորապես։

Հենրի Ավագյանը շատ լավ դարպասապահ է ու, իրոք, հիանալի աճ է գրանցել։ Նրան շատ վաղուց եմ ճանաչում ու միասին աշխատել ենք նաև Մ21 հավաքականում։ Նա հիանալի որակներ ու մեծ ապագա ունի։ Շատ լավ է, որ մրցակցություն կա։

Նարեկ Գրիգորյանը նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է, որին դեռ մանկուց գիտեմ։ Նարեկը շատ լավ մարզավիճակում է, իր թիմում մասնակցում է բոլոր հանդիպումներին։ Հուսով եմ` ժամանակի ընթացքում կհաղթահարի հավաքականում այդ դիրքում մրցակցությունը և կգտնի իր տեղը։

Եթե մեր առաջ խնդիր կար խմբում գրավել առաջին տեղը, կարելի է ասել` ձախողել ենք։ Մյուս կողմից, սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավել է երկրորդ տեղը, նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա