Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել են, որ բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյի՝ անգլիական ակումբ տրանսֆերի վերաբերյալ համաձայնության են եկել:
Հաջորդիվ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է անհատական պայմանագրի կետերը համաձայնեցնի 30-ամյա ֆուտբոլիստի հետ: Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մանկունիական ակումբը միայն նշել է, որ անհամբերությամբ են սպասում Կազեմիրոյին «Օլդ Թրաֆորդում»:
«Ռեալն» իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստին ու նրան անվանել ակումբի լեգենդ:
Բրազիլայի հավաքականի առանցքային խաղացողն Իսպանիայի չեմպիոնի գույները պաշտպանում էր 2013 թվականից: Նա թիմի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ:
«Կազեմիրոն կհիշվի որպես մեր ակումբի արժեքները կրող ֆուտբոլիստ, որն ամեն ինչ տվել է հանուն «Ռեալի»: «Ռեալը» միշտ կլինի նրա տունը: Մենք հաջողություն ենք մաղթում նրան ու նրա ընտանիքին այս նոր փուլում»,- ասված է «Արքայական ակումբի» պաշտոնական հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 22-ին «Արքայական ակումբն» իր մարզաբազայում կանցկացնի Կազեմիրոյի հրաժեշտի արարողությունը՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ: Արարողությունից հետո Կազեմիրոն կանցկացնի վերջին մամուլի ասուլիսը «Ռեալի» խաղացողի կարգավիճակում:


