Ալբանիայում հոկտեմբերի 16-25-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզուհի։ Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը VNews-ի թղթակից հետ զրույցում հայտնեց, որ մարզուհիները պատրաստ են լավ արդյունքներով ուրախացնել երկրպագուներին։
«Նախապատրաստական փուլից գոհ ենք, ամեն ինչ ընթացել է իր հունով։ Որևէ խնդիր չկա՝ մնացածը պարզ կլինի մրցումների ընթացքում։ Վնասվածքի պատճառով առաջնությունը բաց կթողնի 49 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանեկան չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մյուսները զերծ են մնացել լուրջ վնասվածքներից։ Հուսով եմ՝ լավ արդյունքներ կունենանք»,- նշեց հավաքականի մարզիչը։
Հիշեցնենք, որ ԵԱ-ի Մ20 մրցաշարում ելույթ կունենան Միլենա Խաչատրյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։ Մ23 մրցաշարի կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը Լուիզա Սահրադյանն (87 կգ) է։
Կանանց Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 18-ին։
Վիգեն Խաչատրյան. «Ծանրորդներն այնքան լավ են պատրաստված, որ յուրաքանչյուրը պոտենցիալ մեդալակիր է»
Մելիք Ղուկասյան. «Ծանրորդների մարզումների արդյունքները հուսադրող են»