«Բոսթոն Սելթիքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պամության մեջ ամենատիտղոսակիր ակումբը։
Եզրափակիչ շարքի 5-րդ խաղում բոսթոնցիները տանը 106-88 (28-18, 39-28, 19-21, 20-21) հաշվով վստահ հաղթանակ տարան «Դալաս Մավերիքսի» նկատմամբ և դիմակայության հաշիվը դարձրին 4-1: «Սելթիքսը» 16 տարվա ընդմիջումից հետո ու պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյսոն Թեյթումը, որ տանտերերի կազմում վաստակեց 31 միավոր, գրանցեց 8 ռեբաունդ ու 11 ասիստ:
«Մավերիքսի» կազմում լավագույնը Լուկա Դոնչիչն էր՝ 28 միավոր, 12 ռեբաունդ, 5 ասիստ:
Եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց «Բոսթոնի» պաշտպան Ջեյլեն Բրաունը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ամերիկացին մասնակցել է փլեյ-օֆֆի 19 խաղի, միջին արդյունավետությունը կազմել է 23.9 միավոր, 6 ռեբաունդ, 3.3 ասիստ։
«Բոսթոնը» նախորդ անգամ NBA-ի չեմպիոն դարձել էր 2008 թվականին: Չեմպիոնական տիտղոսների քանակով երկրորդը «Լոս Անջելես Լեյքերսն» է (17 հաղթանակ):