
«Ֆիորենտինայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Բորխա Վալերոն օրեր առաջ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Իսպանացին, սակայն, որոշել է պայմանագիր կնքել Իտալիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սենտրո Ստորիկո Լեբովսկի» ակումբի հետ:
Այս գործարքը, սակայն, ունի հետաքրքիր նախապատմություն: Ֆուտբոլիստի՝ կարիերան ավարտելու մասին արած հայտարարությունից հետո «Սենտրո Ստորիկո Լեբովսկին» հումորային լուսանկար էր հրապարակել ինստագրամյան իր էջում՝ հայտարարելով, որ Վալերոն կխաղա իրենց ակումբում: Ֆուտբոլիստն իմացել էր այդ հաղորդագրության մասին ու որոշել պայմանագիր կնքել ակումբի հետ:

36-ամյա խաղացողը բացատրել է իր որոշումը. «Երբեք չեմ մոռանում՝ որտեղից եմ եկել: Մեծացել եմ Մադրիդի համեստ թաղամասերից մեկում, որտեղ անգամ խաղադաշտ չկար ֆուտբոլ խաղալու համար: Որոշեցի ընդունել այս մարտահրավերն ու օգնել այս ակումբին», – Վալերոյի խոսքերն է փոխանցում Marca-ն:

