Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության 2-րդ շրջանը: «Նոան» շարունակեց հաղթարշավը, իսկ «Ուրարտուն», հաղթելով «Փյունիկին», ամրապնդվեց 2-րդ տեղում:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1.Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 105 հանդիպումներից 43-ում հաղթել են դաշտի տերերը, 47-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 15 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ), ընդ որում դաշտի տերերից միակ գոլը խփեց «Արարատ-Արմենիան»: Առաջնության 105 հանդիպումներում գրանցվել է 312 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,97 գոլ):
1. «Նոան» շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 13-րդ անընդմեջ հաղթանակը: 5-րդ խաղն անընդմեջ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցակիցներին խոշոր հաշվով է հաղթում՝ ընդհանուր առմամբ խփելով 25 գոլ: Հայաստանի փոխչեմպիոնն առաջնությունում խոշոր հաշվով 10-րդ հաղթանակը տոնեց, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է ընթացիկ մրցաշրջանում: «Նոան» առաջնությունում «Գանձասարին» երկրորդ անգամ հաղթեց խոշոր հաշվով: Առաջին շրջանում գրանցվել էր 7-0 հաշիվ:
2. Երկարատև ընդմիջումից հետո «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում կրկին հաղթեց «Փյունիկին»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը: Դա մրցակիցների միջև կայացած առաջնության 101 հանդիպումներում «Ուրարտուի» հոբելյանական՝ 25-րդ հաղթանակն էր փյունիկցիների նկատմամբ:
Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:
3. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը՝ Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկային խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Նախորդ հաղթանակն առաջնությունում արարատցիները տոնել էին անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»:
4. «Փյունիկն» առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ առաջին անգամ մրցակցին զիջելով խոշոր հաշվով: Վերջին 6 հանդիպումներում փյունիկցիները նույնքան միավոր են վաստակել՝ կրելով 4 պարտություն: Ընթացիկ առաջնությունում 5-րդ անգամ «Փյունիկին» չհաջողվեց գոլ խփել:
5. «Վանն» առաջնությունում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: 2-րդ անընդմեջ խաղում չարենցավանյան ակումբը խաղն ավարտեց 1-1 հաշվով: Վերջին 4 հանդիպումներում «Վանն» անպարտելի է:
6. Բրունո Միշելն ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» առաջին ֆուտբոլիստն է, որ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Բրազիլացի հարձակվողը թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր իր նորամուտի խաղում՝ փետրվարի 25-ին գրավելով «Արարատ-Արմենիայի» դարպասը: Հետաքրքիր է, որ «Ուրարտուի» կազմում նախորդ հեթ-տրիկը գրանցվել էր Թեմուր Ջիկիայի օգտին, որը «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս եկավ իր նախկին թիմի դեմ մրցավեճում:
Բրունո Միշելն ընթացիկ առաջնությունում հեթ-տրիկ ձևակերպած 5-րդ ֆուտբոլիստն է: Մինչև այդ աչքի էին ընկել Ջոն Բատիգին, Մարիուս Նուբիսին, Էրալդ Չինարին և Յուսուֆ Օտուբանջոն: Իսկ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոյին, որն անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ խաղում ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:
7. Ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ դուբլ ձևակերպելով, Գոնսալո Գրեգորիոն 17 գնդակով ավելի ամրապնդեց ռմբարկուների ցանկի առաջատարի իր դիրքը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 19 հանդիպումներից հետո ամենաարդյունավետ ֆուտբոլիստի՝ «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանի հաշվին 13 գոլ էր գրանցված:
«Գանձասարի» դարպասը Գոնսալո Գրեգորիոյի խփած առաջին գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» հոբելյանական՝ 300-րդ գնդակն էր: Պորտուգալացի ֆուտբոլիստն առաջնության վերջին 5 հանդիպումներում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 11 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:
8. Քրիստոֆեր Բոնիֆեյսը բացեց գոլերի հաշիվն «Արարատում», իսկ Ռոբերտ Հակոբյանն առաջին գոլը խփեց «Վանում»՝ թիմին փրկելով պարտությունից:
9. ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց:
10. Միխայիլ Կովալենկոն պաշտոնական մրցումներում «Փյունիկի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Լյովա Մրյանի համար էլ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: