Logo

Բրունո Միշելի ֆուտբոլային պոկերը, առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը՝ 10 փաստով (մաս 2-րդ)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:23 / 13.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ն ավարտում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է հաջորդ 10 փաստի տեսքով:

1. Առաջնության աշնանային հատվածում գրանցված 188 գոլերի հեղինակներ են դարձել 94 ֆուտբոլիստներ: Գոլերից 88-ը խփել են 43 հայ ֆուտբոլիստները: Գոլերից 6-ը խփվել է սեփական դարպասը: Եթե ալաշկերտցի Ջուլիեն Բատիոնոն «Փյունիկի» հետ առաջնության մեկնարկային խաղում մեկական անգամ գրավել էր սեփական և մրցակցի դարպասները, ապա Խոսե Բուենոն («Արարատ-Արմենիա»), Արգիշտի Պետրոսյանը (ԲԿՄԱ), «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը, փյունիկցի Դանիել Աղբալյանն ու արարատցի Մոհամեդ Ֆոֆանան միայն ինքնագոլի հեղինակ են դարձել:

Առաջնության ամենաարդյունավետ թիմի՝ «Արարատ-Արմենիայի» խփած 27 գոլերը բաշխվել են 11 ֆուտբոլիստների միջև, 3 գնդակ էլ սեփական դարպասն են խփել մրցակցի խաղացողները: Գոլերից 12-ը գրանցվել է թիմի 11 հայ ֆուտբոլիստներից 5-ի հաշվին:

«Նոայում» և «Վանում» ևս այդ թիմերի 11-ական ֆուտբոլիստներ են գոլերը հեղինակել: Չեմպիոնի խփած գոլերից մեկի հեղինակն էլ մրցակցի ֆուտբոլիստն է: «Նոայում» խաղացած 8 հայ ֆուտբոլիստներից միայն երկուսին է հաջողվել գոլ խփել (Գոռ Մանվելյան՝ 3, Հովհաննես Համբարձումյան՝ 1 ): «Վանի» 11 հայ ֆուտբոլիստներից 4-ը միասին 6 գոլ են խփել:

Իսկ ահա «Փյունիկում» գոլ խփած թիմի 10 ֆուտբոլիստներից միայն մեկն է հայ՝ Գևորգ Տարախչյանը, որը 3 անգամ է աչքի ընկել: «Արարատում» խաղացած 12 հայ ֆուտբոլիստներից ոչ մեկին չի հաջողվել գոլ խփել: Արարատցիների խփած 8 գոլերը բաշխվել են թիմի 6 լեգեոնականների միջև:

2. Առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն «Ուրարտուի» ֆուտբոլիստ Բրունո Միշելն է, որի հաշվին 13 գոլ է գրանցված: Գոլերից 3-ը բրազիլացի ֆուտբոլիստը խփել է 11մ հարվածով:
Բրունո Միշելը միանգամից 3 ռեկորդ սահմանեց: Նա Fastex Պրեմիեր լիգայում խփած 19 գոլով դարձավ Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք 16-ական գոլ են խփել:

26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2025թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումներում 19 գոլ է խփել, որից 6-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում, երբ իր նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում: Այդ ցուցանիշը ռեկորդային է թիմում հանդես եկած 26 տարեկան ֆուտբոլիստների մեջ: Միշելը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի 33-ամյա վաղեմության արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել:

Միշելի ցուցանիշը ռեկորդային է նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Ռեկորդակիրը Մարկոս Պիզելին էր, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ էր խփել:
Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն՝ Իվան Իգնատևը ևս «Ուրարտուից» էր և դարձյալ 13 գոլի հեղինակ էր դարձել:

3. Առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստն ալաշկերտցի Կարեն Նալբանդյանն է, որի հաշվին 8 գոլ է գրանցված: Գոլերից 5-ը նա խփել է 11մ հարվածով: Արդյունավետությամբ Նալբանդյանն առաջնությունում 2-րդ ցուցանիշն ունի:

Ռմբարկուների լավագույն եռյակը 7 գոլով եզրափակում է «Ալաշկերտում» նորամուտը նշած Մոմո Տուրեն: Fastex Պրեմիեր լիգայում խփած 24 գնդակով Տուրեն դարձավ Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ գվինեացի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց իր հայրենակից, «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Մոհամեդ Յատարայի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 18 գոլ էր խփել:

6 գոլով հայ ֆուտբոլիստներից երկրորդ տեղում բանակային Նարեկ Հովհաննիսյանն է: 4-ական գոլ են խփել նրա խաղընկեր Գրենիկ Պետրոսյանը, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արայիկ Էլոյանն ու շիրակցի Ռաֆիկ Միսակյանը:

4. Սեպտեմբերի 19-ին «Արարատի» հետ մրցավեճում Բրունո Միշելն ընթացիկ առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը Fastex Պրեմիեր լիգայում առաջին անգամ նման արդյունքի հասավ՝ գերազանցելով նաև մեկ խաղի արդյունավետության անձնական ռեկորդը: 2024/25թթ. առաջնությունում մարտի 9-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում Միշելը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով:

Բրունո Միշելն «Ուրարտուի» կազմում Հայաստանի առաջնություններում ֆուտբոլային պոկեր գրանցած ընդամենը 7-րդ ֆուտբոլիստն է: Առաջինը թիմի հարձակվող Աշոտ Բարսեղյանն էր, որը 1993թ. ապրիլի 16-ին գրավել է «Մալաթիա-Կիլիկիայի» դարպասը: Հիշեցնենք, որ այն ժամանակ «Ուրարտուն» կրում էր «Բանանց» անվանումը: Ի դեպ, մինչև այդ Բարսեղյանը 1992թ. անցկացված Հայաստանի անդրանիկ առաջնությունում արդյունավետության անձնական ռեկորդ էր սահմանել՝ 7 անգամ գրավելով «Կիլիկիայի» դարպասը:

Հետագայում «Բանանցում» մեկական անգամ ֆուտբոլային պոկերի հեղինակ են դարձել Սամվել Կոստանդյանը, Անդրանիկ Հովսեփյանը, Արա Հակոբյանն ու Սամվել Մելքոնանը: 2006թ. առաջնությունում թիմի հարձակվող Արամ Հակոբյանը յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ 4-ական գոլ խփելով «Գանձասարի» և «Ուլիսի» դարպասները: Եվ ահա այդ իրադարձությունից 19 տարի անց Բրունո Միշելին հաջողվեց թիմի պատմության մեջ ֆուտբոլային 8-րդ պոկերը գրանցել:

Առաջնության աշնանային հատվածում ընդամենը մեկ հեթ-տրիկ գրանցվեց: Փյունիկցի Մարիուս Նուբիսին 3 անգամ գրավեց «Վանի» դարպասը:

5. Առաջնության աշնանային հատվածի ամենատարեց ֆուտբոլիստը «Վանի» 39-ամյա ավագ Հրայր Մկոյանն է: Դեկտեմբերի 2-ին «Նոայի» հետ կայացած «Վանի» վերջին խաղում Մկոյանը 39 տարեկան 91 օրական էր: Նա նաև «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն է: Մինչև ընթացիկ առաջնությունը թիմում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը ռուս դարպասապահ Նիկոլայ Ցիգանն էր, որը վերջին խաղն անցկացրել էր 37 տարեկան 118 օրականում:

Մկոյանը հայկական 8 թիմերի կազմում Fastex Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ 393 խաղ է անցկացրել, ինչը լավագույն ցուցանիշն է գործող ֆուտբոլիստների մեջ: Նա Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղում է Հովհաննես Թահմազյանից (461 խաղ), Տիգրան Դավթյանից (409) և Արտակ Գրիգորյանից (404) հետո:

Հրայր Մկոյանը նաև ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նոյեմբերի 23-ին նա ԲԿՄԱ-ի դարպասը գրավել էր 39 տարեկան 82 օրականում: Նրա ցուցանիշը ռեկորդային է նաև «Վանի» ֆուտբոլիստների համար: Մինչև այդ ռեկորդակիրը Դավիթ Մանոյանն էր, որը գոլի հեղինակ էր դարձել 32 տարեկան 286 օրականում:
Հրայր Մկոյանն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Նա տասնյակից դուրս թողեց «Նոայի» նախկին հարձակվող Դյուդոննե Մբոկանիին, որը 2023թ. «Ալաշկերտի» հետ խաղում աչքի էր ընկել 37 տարեկան 342 օրականում: Ցանկը գլխավորում է Երևանի «Կանազի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Հարությունյանը, որը 1994թ. առաջնությունում Աբովյանի «Կոտայքի» դարպասը գրավել է 41 տարեկան 185 օրականում:

6. Առաջնության աշնանային հատվածի ամենաերիտասարդ մասնակիցները 17-ամյա շիրակցի Գագիկ Հովհաննիսյանն ու բանակային Հարություն Մանուկյանն են: Հովհաննիսյանը «Շիրակի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր 17 տարեկան 265 օրականում՝ օգոստոսի 24-ին մասնակցելով «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղին:

Հարություն Մանուկյանը ԲԿՄԱ-ի կազմում Fastex Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել էր օգոստոսի 2-ին՝ 17 տարեկան 261 օրականում մասնակցելով «Ուրարտուի» հետ կայացած մրցավեճին:

Առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը բանակային Արշակ Պետրոսյանն է: Նա հոկտեմբերի 19-ին «Արարատի» դարպասը գրավել էր 18 տարեկան 280 օրականում:

7. Մասնակից 10 թիմերի դարպասն ընդհանուր առմամբ պաշտպանեցին 20 դարպասապահներ: «Ալաշկերտում» բոլոր հանդիպումներում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Արսեն Բեգլարյանին, իսկ ահա «Նոայում» հանդես եկան 3 դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարևիչը, Ալեքսեյ Պլոշադնին և Թիմոտի Ֆայուլուն: Մնացած 8 թիմերի դարպասը պաշտպանել են 2-ական դարպասապահներ:

Առավել հաճախ՝ 7 անգամ դարպասն անառիկ է պահել Ալեքսանդր Միշիևը («Ուրարտու»): Փյունիկցի Հենրի Ավագյանն ու ալաշկերտցի Արսեն Բեգլարյանը 6-ական խաղում գոլ բաց չեն թողել:

ԲԿՄԱ-ի հետ Fastex Պրեմիեր լիգայի13-րդ տուրի խաղում Արսեն Բեգլարյանը Հայաստանի առաջնություններում իր հոբելյանական՝ 250-րդ հանդիպումը նշեց պատմական նվաճմամբ: Նա Հայաստանի առաջնություններում 100-րդ անգամ դարպասը պահեց անառիկ: Բեգլարյանը դարձավ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած ընդամենը 3-րդ դարպասապահը:

Ռեկորդակիրը Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովն է, որն անցկացրած 348 հանդիպումներից 123-ում գոլ բաց չի թողել: Երկրորդ ցուցանիշն ունի Հարություն Աբրահամյանը, որն առաջնությունում անցկացրած 214 հանդիպումներից 103-ում է դարպասն անառիկ պահել: Ի դեպ, հենց նա էլ Հայաստանի առաջնություններում առաջինն է 100-րդ «չոր» խաղն անցկացրել:

8. Ալեքսանդր Միշիևն առաջնության աշնանային հատվածի ամենահուսալի դարպասապահն է, որն անցկացրած 9 խաղերում ընդամենը 2 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,22 գոլ), որից մեկը՝ 11մ հարվածով: Անցկացրած 6 անընդմեջ հանդիպումներում Միշիևը գոլ բաց չի թողել՝ դարպասը 576 րոպե շարունակ պահելով անառիկ: Այդ ցուցանիշով «Ուրարտուի» դարպասապահը ևս լավագույնն է առաջնության աշնանային հատվածում:

21-ամյա Ալեքսանդր Միշիևը տարիքային երկու ռեկորդ սահմանեց: Միշիևի արդյունքը ռեկորդային է ՀՀ առաջնություններում հանդես եկած 21-ամյա այլազգի դարպասապահների մեջ: Նա գերազանցեց «Երևանի» նախկին դարպասապահ Վասիլի Կուզնեցովի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 1999թ. 466 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Ալեքսանդր Միշիևը նաև գերազանցեց Արսեն Բեգլարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից այդ տարիքում 2014թ. «Ուլիսի» դարպասը բոլորից երկար՝ 539 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Միշիևը կրկնեց նաև Գարեգին Նաջարյանի 33-ամյա վաղեմության ռեկորդը: Վերջինս 1992թ. առաջնությունում «Բանանցի» դարպասը 576 րոպե շարունակ անառիկ էր պահել:

«Փյունիկի» 29-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանն էլ 6 խաղում անառիկ պահելով դարպասը՝ գերազանցել էր Արթուր Հարությունյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2014թ. «Փյունիկի» դարպասը 3 անգամ էր անառիկ պահել:

9. Առաջնության 74 հանդիպումներում մրցավարները 20 անգամ ֆուտբոլիստներին հեռացրել են խաղադաշտից, 357 անգամ էլ դեղին քարտ են ցույց տվել: Թիմերից ոչ մեկը չի խուսափել կարմիր քարտից:

«Ալաշկերտն» առաջնության ամենակարգապահ թիմն է, որի ֆուտբոլիստները 28 անգամ զգուշացվել են, մեկ անգամ էլ հեռացվել են խաղադաշտից: 2-րդ տեղում «Արարատն» է՝ 32 քարտ (27 դեղին, 5 կարմիր քարտ), որին հաջորդում են «Շիրակը»՝ 33 քարտ (32 դեղին, 1 կարմիր քարտ), ԲԿՄԱ-ն և «Փյունիկը»՝ 35-ական (34 դեղին, 1 կարմիր քարտ):

Կարգապահական խախտումների քանակով ռեկորդակիրներն «Արարատ-Արմենիան» (46 դեղին, 1 կարմիր քարտ) ու «Գանձասարն» են (44 դեղին, 3 կարմիր քարտ), որոնց ֆուտբոլիստները մրցավարների կողմից 47-ական քարտի են արժանացել: Հաջորդ տեղերում են «Նոան» (38 դեղին, 5 կարմիր քարտ) և «Ուրարտուն» (38 դեղին, 1 կարմիր քարտ):

10. Կարմիր քարտերի քանակով յուրօրինակ տխուր ռեկորդ են սահմանել «Արարատն» ու «Նոան», որոնց ֆուտբոլիստները 5-ական անգամ հեռացվել են խաղադաշտից: Ընդ որում «Շիրակի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում արարատցիները մնացել են 9 ֆուտբոլիստով: ԲԿՄԱ-ի հետ խաղում էլ խաղադաշտից հեռացվել էին

«Գանձասարի» ֆուտբոլիստներ Լյուկ Մերիլն ու Տարոն Ոսկանյանը:
Սեպտեմբերի 20-ին կայացած «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում մրցավար Հենրիկ Նալբանդյանը խաղադաշտից հեռացրել էր 3 ֆուտբոլիստի՝ դաշտի տերերից Վելթոնին, հյուրերից Մարին Յակոլիշին ու Վիրժիլ Պինսոնին:

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ