Logo

Հայ բռնցքամարտիկների տպավորիչ ելույթը պատանեկան ԵԱ-ում․ Մարզիչի ամփոփումը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:09 / 07.10.2022Բռնցքամարտ
Բացառիկ
null

Ընթացիկ մրցաշրջանում հայ բռնցքամարտիկների հաջող ելույթներին հաղթական երանգներ հաղորդեց նաև Հայաստանի պատանեկան հավաքականը, որը 5 մեդալ նվաճեց Իտալիայում կայացած ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում և տղաների թիմային պայքարում զբաղեցրեց առաջին տեղը։ Թիմի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է հայ բռնցքամարտիկների ելույթները ԵԱ-ում։

Մարզիչի խոսքով, ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն տարբեր պատճառներով չստացվեց նվաճել ավելի շատ մեդալներ։

«Իրականում ավելի շատ ու ավելի բարձր կարգի մեդալներ նվաճելու հնարավորություն ունեինք։ Ունենք բավականին ուժեղ բռնցքամարտիկներ, և, ընդհանրապես, թիմը լավ էր պատրաստվել։ Չեմպիոն կարող էր դառնալ նաև 70 կգ քաշային գյումրեցի Երանոս Օհանյանը, որը հասել էր եզրափակիչ, սակայն նախորդ մենամարտում ստացած քթի կոտրվածքի պատճառով չկարողացավ միջամտել ոսկե մեդալի համար պայքարին․ բժիշկները նրան չթույլատրեցին անցկացնել եզրափակիչ մենամարտը։ Իսկ Դավիթ Սաֆարյանը (50 կգ) կիսաեզրափակիչում տուժեց ոչ որակյալ մրցավարությունից։ Ավելի հաջող ելույթ էի սպասում Ալբերտ Հարությունյանից (75 կգ), որը պարզապես չմենամարտեց այնպես, ինչպես պահանջվում էր»,- նշեց Աշիկ Գրիգորյանը։

Անդրադառնալով չեմպիոնի կոչումը նվաճած էջմիածինցի Վաղարշակ Քեյանի (46 կգ) և արցախցի Էրիկ Առուստամյանի (52 կգ) ելույթներին՝ ավագ մարզիչը նշեց. «Մեր երկու պատանիներն էլ արժանիորեն դարձան Եվրոպայի չեմպիոն։ Վաղարշակը 5։0 հաշվով շահեց անցկացրած բոլոր չորս մենամարտերը։ Իր հաշվին չորս տպավորիչ հաղթանակ գրանցեց նաև Էրիկը, որը եզրափակիչում գերազանցեց բավական ուժեղ անգլիացի բռնցքամարտիկին։ Առաջին ռաունդն ավարտվեց մրցակցի աննշան առավելությամբ, սակայն հաջորդ երկուսում Էրիկը հաղթեց 4։1 և 5։0 հաշվով։ Նա խելացի մենամարտեց, ընկալեց և անվերապահորեն կյանքի կոչեց մարզիչների ձևակերպած առաջադրանքը։ Կարող եմ ասել, որ մեր չեմպիոնները, և ոչ միայն նրանք, կամային բարձր որակներով օժտված տղաներ են։ Մինչև առաջնությունը զրուցել էինք բոլոր մարզիկների հետ, հատուկ ուշադրություն էինք դարձրել նաև նրանց հոգեբանական պատրաստականությանը, որը շատ կարևոր է սպորտում, մասնավորապես, բռնցքամարտում։

Երանոս Օհանյանը երկու հաղթանակի շնորհիվ անցավ կիսաեզրափակիչ, որում, ելույթ ունենալով քթի կոտրվածքով, նորից հասավ հաջողության, բայց նրան այդպես էլ չվիճակվեց մասնակցել եզրափակիչին։ Այդպիսով, զրկվեցինք հնարավոր ոսկե մեդալից։ Այդ տղան օժտված է իր քաշային կարգում պահանջվող համապատասխան ֆիզիկական և հոգեբանական տվյալներով և, ընդհանրապես, հոյակապ անձնավորություն է»,- նշեց մարզիչը։

Աշիկ Գրիգորյանը կարծում է, որ բրոնզե մեդալակիր դարձած վանաձորցի Դավիթ Սաֆարյանը նույնպես արժանի էր եզրափակիչում մենամարտելուն։

«Կիսաեզրափակիչում Դավիթը կողային մրցավարների գնահատականների համաձայն՝ 3։2, 3։2 հաշվով հաղթում էր գերմանացի մրցակցին, որն, անկեղծ ասած, շատ փնթի էր աշխատում, անընդհատ գլխով առաջ էր գալիս, բայց ռինգի մրցավարն այդպես էլ որևէ զգուշացում չտվեց նրան։ Գերմանացին մոտ 9 անգամ առանց հարվածի ընկավ։ Մրցավարն առնվազն երկու անգամ պետք է նկատողություն տար։ Եթե նա աներ դա, ապա Դավիթը կանցներ եզրափակիչ և կմրցեր վրացի բռնցքամարտիկի հետ, որին այս տարի հեշտությամբ հաղթել էր Վրաստանի մրցաշարում։ Իսկ մրցավարն, ի դեպ, այս մենամարտից հետո զրկվեց մրցումները սպասարկելու իրավունքից։ Բողոքարկելու հնարավորություն չունեինք, որովհետև այդ գործառույթն այլևս չի կիրառվում։ Մրցավարական այլ խնդիրների մեր բռնցքամարտիկները չեն բախվել»,- ընդգծեց մարզիչը։

Բրոնզե մեդալ նվաճած էջմիածինցի Ռաֆայել Ներսիսյանին (60 կգ), ըստ մարզչի, ինչ-որ բան չբավականացրեց հույն բռնցքամարտիկի հետ կիսաեզրափակիչի մենամարտում. «Ռաֆայելը երեք հաղթանակով հասավ կիսաեզրափակիչ, որտեղ չկարողացավ հակափաստարկ ներկայացնել բավականին արագաշարժ հույն մրցակցին»։

Աշիկ Գրիգորյանը նշեց նաև, որ մարզչական առաջադրանքը չկատարելու պատճառով պարտվեց Ալբերտ Հարությունյանը, իսկ Դավիթ Սիմոնյանը, հարված բաց թողնելով վերջին վայրկյաններին, պարտվեց գերմանացի մարզիկին։

Մարզչի կարծիքով՝ պատանեկան հավաքականի այս կազմի բոլոր մարզիկներն էլ առանձնանում են լավ պատրաստվածությամբ և սիրում են հարազատ մարզաձևը։ Դա մասնագետին հույս է ներշնչում, որ նրանց մեծամասնությունը կշարունակի առաջխաղացումը և կհասնի մեծ ռինգ։

«Կարևորն աշխատասիրությունն ու չհիասթափվելն է։ Եթե մարզիկը նվիրված է նախընտրած մարզաձևին, ապա անպայման կշարունակի։ Մեր թիմից, կարծում եմ, բոլորն էլ պետք է շարունակեն, նրանց մոտ տեսնում եմ այդ ներուժը»,- ասաց Աշիկ Գրիգորյանը։

Իտալիայում մեդալներ նվաճած 5 հայ բռնցքամարտիկներից 4-ը ավարտում են ելույթները պատանեկան տարիքային խմբում և պատրաստվում են հաջորդ տարվանից համալրել երիտասարդական հավաքականը։ Մարզիչը հայտնեց, որ տարիքային նոր խումբ են տեղափոխվելու Էրիկ Առուստամյանը, Երանոս Օհանյանը, Դավիթ Սաֆարյանը և Ռաֆայել Ներսիսյանը, ինչպես նաև Արման Արզումանյանը (48 կգ), Մարատ Միքայելյանը (63 կգ) և Դավիթ Սիմոնյանը։

Սակայն մինչև այդ նրանք ուժերը կփորձեն նաև նոյեմբերին Երևանում նախատեսված միջազգային մրցաշարում, որի կազմակերպման և, առհասարակ, պատանեկան հավաքականի նկատմամբ դրսևորած ուշադրության համար մարզիչը շնորհակալ է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին և փոխնախագահ Սամվել Գասպարյանին։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ