Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյան խուսափել է երկարաժամկետ որակազրկումից «Իփսվիչ Թաունի» դեմ 16-րդ տուրի հանդիպմանը (1-2) մրցակցի անվտանգության աշխատակիցներից մեկի ակնոցը կոտրելուց հետո, հայտնում է The Telegraph-ը։
25-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից նախնական որակազրկվել էր երեք խաղով։ Հարձակվողի` գրավոր ներողությունից և աշխատակցի համար նոր ակնոց գնելու առաջարկից հետո կառույցը որակազրկումը կրճատել է մեկ խաղով։ Բացի որակազրկումից, նա տուգանվել է նաև 80 հազար ֆունտով։
Կունյան հարցաքննության ժամանակ պնդել է, որ ցանկացել է պաշտպանել իր թիմակից Ռայան Այթ-Նուրիին։
«Երբ ես փորձում էի մոտենալ Ռայանին` համոզվելու համար, որ նա լավ է, հանկարծ նկատեցի, որ շրջապատված եմ բազմաթիվ մարդկանցով։ Զգում էի, որ ինձ հրում են անվտանգության աշխատակիցները, և փորձեցի պաշտպանվել։
Անվտանգության աշխատակցին վնասելու կամ արմունկով հարվածելու մտադրություն չեմ ունեցել։ Ցանկացել եմ պարզապես հեռու պահել աշխատակցին Ռայանից։
Հիշում եմ, թե ինչպես էր աշխատակիցը քաշում մարզաշապիկիցս։ Փորձում էի կանգնեցնել նրան, սակայն նա շարունակում էր քաշել։ Նա խոշորամարմին էր։ Այդ պահին վտանգված էի զգում։
Տեսնելով, որ նա բաց չի թողնում մարզաշապիկս` բնազդաբար ձեռքս մեկնեցի և կոտրեցի նրա ակնոցը։ Ընդունում եմ սխալս և ստանձնում եմ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է Կունյան։
Բրազիլացին որակազրկված հանդիպումներից մեկն արդեն բաց է թողել և չի կարողացել օգնել իր թիմին «Նոթինգհեմի» դեմ 20-րդ տուրի խաղում (0-3)։ Նա կբացակայի նաև «Նյուքասլի» դեմ հունվարի 15-ին նշանակված հանդիպմանը:
Մաթեուս Կունյան Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 19 խաղում խփել է 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։