«Տոտենհեմ» - «Բրայթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղը խոստանում էր լարված պայքար, և սպասելիքներն արդարացվեցին: Մինչև խաղը «Տոտենհեմը» 50 միավորով 5-րդ տեղում էր, իսկ 2 հանդիպում պակաս անցկացրած «Բրայթոնը» լոնդոնյան ակումբին զիջում էր ընդամենը 4 միավոր: Սոնի ու Քեյնի գոլերի օգնությամբ «Տոտենհեմը» հաղթեց 2-1 հաշվով, ու եթե «Բրայթոնը» հաղթի ակտիվում ունեցած երկու խաղում էլ, կշարունակի «Տոտենհեմին» զիջել 1 միավոր:
Արդեն մի քանի տարի է՝ Անգլիայում կիրառվում է VAR համակարգը, սակայն ընթացիկ մրցաշրջանում կոպիտ սխալները կարծես շատացել են: «Տոտենհեմի» դեմ խաղից հետո «Բրայթոնը» պատասխաններ է փնտրում, ուշացած պատասխաններ:
Ակումբը վստահ է, որ հանդիպման ընթացքում մրցավարը կայացրել է առնվազն 5 վիճելի որոշում, այդ թվում՝ ոչ միայն վիճելի, այլև սխալ որոշումներ:
Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ
Այն բանից հետո, երբ Ռոբերտո Դե Ձերբիի թիմը ձեռքով խաղի կանոնների խախտման համար զրկվեց երկու գոլից, «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը սեփական տուգանային հրապարակում ակնհայտ կերպով կանգնեց մրցակցի ֆուտբոլիստ Կաորու Միտոմայի ոտքին՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը, այդպիսով՝ խախտելով խաղի կանոնները: Մրցավար Ստյուարտ Ատվելը ցույց տվեց, որ խաղը պետք է շարունակել, VAR-ի միջամտությունից հետո որոշումը մնաց անփոփոխ: Եթե ձեռքով խաղի կանոնների խախտման վերջին փոփոխությամբ հստակեցված է, որ գոլին նախորդած դրվագում գնդակը հարձակվող թիմի ֆուտբոլիստներից մեկի ձեռքին դիպչելիս, անկախ բոլոր հանգամանքներից, դարպասի գրավումը չեղարկվում է, ապա Հոյբյերգի ու Միտոմայի դրվագը բնութագրվում է միայն «կանոնների խախտում» բաժնում:
Էկրանակադր «Բրայթոնի» առաջին գոլից, որը չեղարկվեց ձեռքով խաղի կանոնների խախտման համար
Էկրանակադր «Բրայթոնի»՝ ձեռքով խաղի կանոնների խախտման համար չեղարկված մյուս գոլից
Խախտում, որը չարձանագրվեց նույնիսկ VAR-ի միջամտությունից հետո
Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ
Տուգանային հրապարակում տեղի ունեցած խախտման դրվագի վերաբերյալ բազմաթիվ արձագանքներ եղան Թվիթերում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
«Ամենաակնհայտ 11-մետրանոցներից է, որ կտեսնեք ընթացիկ մրցաշրջանում: Չգիտեմ՝ ինչպես կարող է VAR-ն ուսումնասիրել այս դրվագը, իսկ հետո որոշում ընդունվի, որ խախտում չկար»:
«Պարզապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես մարդը կարող է այսքան ոչ կոմպետենտ լինել»:
«VAR-ը չի կարող օգնել, երբ էկրանների դիմաց նույն ապաշնորհ մրցավարներն են»:
Շատ երկրպագուների, նաև ֆուտբոլիստների համար հիասթափության աղբյուրն այն է, որ տեսակրկնությունների համակարգը մեծ ազդեցություն ունի այլ մարզաձևերում (օրինակ՝ ռեգբիում), բայց ֆուտբոլում անհամապատասխանության օրինակները բազմաթիվ են:
ԿԼՈՒԾՎԻ՞ ԽՆԴԻՐԸ
BBC Sport-ի լրագրող Սայմոն Սթոունի հաղորդմամբ՝ Պրեմիեր լիգայի մրցավարների համար պատասխանատու PGMOL կազմակերպության ղեկավար Հովարդ Ուեբը խաղից հետո կապ է հաստատել ակումբի հետ ու անձամբ ներողություն խնդրել՝ ընդունելով, որ նշված դրվագում պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված:
TalkSPORT-ի հաղորդմամբ՝ այժմ «Բրայթոնը» պարզաբանումների է սպասում մրցավարների ղեկավարներից «Տոտենհեմի» դեմ խաղին կայացված 5 որոշումների վերաբերյալ:
Ակումբին, օրինակ, չի բավարարում գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին տրված կարմիր քարտի որոշման բացատրությունը, ըստ որի՝ մասնագետը հեռացվել է «պահեստային նստարանին չտիրապետելու» համար:
Դրվագներ, որոնց ժամանակ, ըստ «Բրայթոնի», վիճելի կամ սխալ որոշում է կայացվել
Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Հովարդ Ուեբին մրցավարների աշխատանքը գնահատելու համար բերել է PGMOL-ը, որպեսզի մրցավարական որոշումների վերաբերյալ խնդիրները հնարավորին չափ նվազեն: Ուեբն իր հերթին բավական կոշտ դիրքորոշում է ցուցաբերում այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք արժեքավոր սխալներ են թույլ տալիս:
Բարձրաստիճան «զոհերից» մեկը եղավ Մայք Դինը: Նախկին մրցավարն այս մրցաշրջանում ստանձնել է VAR-ում աշխատելու գործառույթը, սակայն արդեն երկու ամիս է՝ ոչ մի խաղ չի ստացել:
Քանի որ մրցաշրջանի եզրափակիչ հատվածը մոտենում է, VAR-ի ճշգրիտ կիրառման անհրաժեշտությունը շատ ավելի է մեծանում: Ի վերջո, այս համակարգը ներդրվել է՝ խաղի ընթացքում մրցավարի թույլ տված սխալներն ուղղելու, ոչ թե երբեմն նույնիսկ հաստատելու համար: