Հայաստանի թիմը փայլուն արդյունք գրանցեց Իտալիայում հոկտեմբերի 4-ին ավարտված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Երանոս Օհանյանը (70 կգ), որը վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչին և բավարարավեց արծաթե մեդալով։
Եզրափակիչում Օհանյանը պետք է մրցեր հունգարացի Կրիստիան Նիլեբորգի հետ, սակայն մրցաշարի գլխավոր բժիշկը Հայաստանի ներկայացուցիչին թույլ չի տվել մենամարտել:
Աշիկ Գրիգորյանի գլխավորած թիմն Իտալիայում նվաճեց 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Եվրոպայի պատանեկան չեմպիոն դարձան Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն (46 կգ) ու արցախցի Էրիկ Առստամյանը (52 կգ)։ Դավիթ Սաֆարյանն (50 կգ) ու Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։
Տղաների թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը։ Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցեց 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ)։