Ինսայդեր Շեյմս Չարանիան, որն առաջինն էր հայտնել «Դալաս Մավերիքսի» ու «Լոս Անջելես Լեյքերսի» աստղեր Լուկա Դոնչիչի ու Էնթոնի Դևիսի փոխանակման մասին, նոր մանրամասներ է հայտնել գործարքից:
«Թրեյդի շուրջ շշուկներ չէին եղել: Սա ամենաշշմեցուցիչ գործարքն է, որ երբևէ լուսաբանել եմ: Իմ տեղեկությամբ՝ Դոնչիչը, Դևիսը և Լեբրոն Ջեյմսը տեղյակ չեն եղել մոտալուտ գործարքի մասին: Լուկան մինչև հիմա ապշած է:
Դոնչիչը յուրաքանչյուր տարի լիգայի խորհրդանշական հավաքականում է, և թվում էր՝ անձեռնմխելի է, բայց հենց «Մավերիքսն» է «Լեյքերսին» առաջարկ կատարել: Նրանք հստակ ուզել են ձեռք բերել Էնթոնի Դևիսին. նա միակ թեկնածուն էր, հանուն որի՝ ակումբը պատրաստ էր հրաժեշտ տալ սլովենացուն:
«Դալասի» առաջարկից հետո «Լեյքերսը» ներքին քննարկում է ունեցել ակումբի սեփականատեր Ջինի Բասի մասնակցությամբ: Մինչև այդ ակումբը չէր դիտարկում Դևիսին փոխանակելու տարբերակը»,- ESPN-ի եթերում ասել է ինսայդերը: