Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին հետխաղային ասուլիսում անդրադարձել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2-0 հաշվով արտագնա հաղթանակին։
«Մենք տեսանք, թե ինչի են ունակ հայ ֆուտբոլիստները, բայց այս խաղում հաղթողը մենք ենք։ Կարող եմ միայն շնորհավորել իմ թիմին։ Առաջին խաղակեսի մեկնարկում մենք գոլ խփեցինք, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը։ Առաջին խաղակեսում մեր խաղը չէր ստացվում։ Սակայն ընդմիջումից հետո մենք համապատասխան փոփոխություններ կատարեցինք ու երկրորդ խաղակեսում կարողացանք հասնել մեր ուզածին»,- նշել է հյուսիսմակեդոնացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 10 միավորով վստահորեն գլխավորում է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդն է։ Հյուսիսմակեդոնացիները Հայաստանի հավաքականին նույն հաշվով հաղթել էին նաև Սկոպյեում։