Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Տիրանայում կայացած նախախաղային ասուլիսում անդրադարձել է Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։
- Մեզ թվաց, որ Կոսովոյի հավաքականի դեմ ավելի շատ փորձում էիք խաղալ հակագրոհներով: Արդյո՞ք դա ձեր խաղաոճն էր, թե պարզապես այդպես ստացվեց։
- Կարող եմ ասել, որ հակագրոհներով խաղալու առաջադրանք չէինք ստացել, քանի որ որոշ իրավիճակներում շատ լավ վերահսկեցինք գնդակի տեղաշարժը: Խաղի հենց սկզբից լավ պահեր ունեինք, լավ գրոհներ էինք կազմակերպում: Հակագրոհներով խաղն ավելի շատ երկրորդ խաղակեսում էր և առաջին գոլը դրա արդյունքում խփեցինք, սակայն խաղն ամբողջովին կառուցված չէր հակագրոհների տրամաբանության մեջ:
- Կոսովոյի դեմ խաղում շատ էին հեռահար հարվածները քո կատարմամբ: Արդյո՞ք դա պայմանավորված էր խոտածածկի որակով և խաղի բնույթով, թե այդպիսի մարզչական առաջադրանք կար:
- Կար մարզչական առաջադրանք, հնարավորության դեպքում հարվածներ կատարել դարպասին: Խաղի ընթացքում էլ նման պահեր ստեղծվեցին, երբ կարելի էր հեռվից հարված կատարել: Դա իմ ուժեղ կողմերից մեկն է, հարվածներ կատարեցի, ափսոս՝ չստացվեց: Հուսով եմ՝ վաղը նույնպես հնարավորություններ կլինեն հեռվից հարվածելու:
- Ի՞նչ սպասելիքներ կան Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումից և ի՞նչ կասես մրցակցի մասին։
- Միանշանակ, Ալբանիան լավ հավաքական է՝ փորձառու ֆուտբոլիստներով, որոնք ունեն հստակ ձեռագիր: Այսօր ուսումնասիրել ենք մրցակցի խաղը: Նրանք լավ հարձակում ու պաշտպանություն ունեն:
Մեզ դժվար հանդիպում է սպասվում: Ամեն ինչ անելու ենք՝ դրական արդյունքի հասնելու համար: Մարզչի կողմից ունենք հրահանգներ, որոնք կատարելու դեպքում կկարողանանք հասնել լավ արդյունքի:
Հիշեցնենք, որ Ալբանիա - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Տիրանայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի (2-2) էր խաղացել Կոսովոյի հավաքականի հետ:
Բերեզովսկի. «Վաղը փորձելու ենք մի քանի անակնկալ մատուցել մրցակցին» (տեսանյութ)