«Բետիսի» բրազիլացի պաշտպան Լուիս Ֆելիպեն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։
Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Իթիհադը» պաշտոնական առաջարկ է կատարել իսպանական ակումբին և պատրաստ է Ֆելիպեի տրանսֆերը ձեռք բերել 25 միլիոն եվրոյով։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ օգոստոսի 29-ի երեկոյան։ «Ալ Իթիհադը» պատրաստ է այս պահին վճարել 22 միլիոն եվրո, ևս 3 միլիոն եվրո՝ գործարքը կայանալուց հետո։
26-ամյա Լուիս Ֆելիպեն 2022 թվականի ամռանն է իտալական «Լացիոյից» 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բետիս», որի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսին։ Բրազիլացին «Բետիսում» անցկացրել է 33 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հիշեցնենք, որ «Ալ Իթիհադում» են խաղում նաև Կարիմ Բենզեման, Նգոլո Կանտեն և Ֆաբինյոն։ «Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում 4 տուրից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 5-րդ տուրում գործող չեմպիոնը սեպտեմբերի 1-ին մրցելու է երկրորդ տեղը զբաղեցնող «Ալ Հիլալի» հետ։